|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը գործում է 2002 թվականից, սակայն միայն նոր է որոշել դեղերի որակի եւ վաճառքի հետ կապված մոնիտորինգ իրականացնել: Սակայն լինենք լավատես` լավ է, որ գոնե նման բան առհասարակ որոշվել է:
Միության նախագահ Սամվել Զաքարյանը հավաստիացնում է, որ Հայաստանն այն երջանիկ պետություններից է, որտեղ կեղծ ու ժամկետանց դեղերի քանակը շատ քիչ է` մոտ 1-2 տոկոս:
«Կեղծումների հիմնական դեպքերը քրեական ծագում ունեն, ասենք՝ ինչ-որ մեկն իր նախաձեռնությամբ իր ավտոտնակում որոշում է կավճե դեղեր արտադրել, ինչը քրեական հանցանք է։ Կամ էլ` Վրաստանից են դեղեր բերվում, քանի որ այնտեղ հումքի համար 20 տոկոս ԱԱՀ-ն չեն վճարում»,- ասաց միության նախագահը:
«Ովքե՞ր են պատասխանատու, երբ շուկայում ժամկետանց դեղեր են հայտնվում» հարցին Զաքարյանը պատասխանեց, թե նա, ով փոխել է դեղի ժամկետը կամ էլ չի հսկել վաճառքը, այսինքն` դեղատները: Իսկ թե ո՞րն է իրենց միության գործառույթը տվյալ պարագայում` այդպես էլ չհասկացանք:
Զաքարյանի պնդմամբ` իրենք դեղ չեն ներմուծում: Այդ դեպքում ինչո՞ւ է իրենց միությունը կոչվում Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միություն:
Ավելին, երբ մի դեղի գինը բարձրանում կամ էլ այն անհետանում է շուկայից, իրենք պատասխանատու չեն եւ վերահսկում էլ չեն իրականացնում, քանի որ, ինչպես նշեց Զաքարյանը, դեղ ներմուծողի ցանկությունն է` դեղը երբ կհայտնվի շուկայում: «Օրինակ, եթե հանքային ջրի կամ էլ ծխախոտի ինչ-որ տեսակ հանկարծ անհետանա կամ թանկանա, հո ամբողջ հանքային ջրերի պատասխանատուն չէ մեղավոր համարվելու»,- տարօրինակ համեմատություն արեց նա:
Իսկ «Երկիր»-ի հարցին, թե 2011-ին իրենց միությունն ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ է ունեցել, Զաքարյանը, բնականաբար, նշեց մի քանի ձեռքբերումներ, իսկ բացթողումները շրջանցեց. «Դրանք բացթողումներ չեն, այլ խնդիրներ, որոնք պետք է հետագայում իրագործվեն. օրինակ` տեղեկատվական համակարգի ճիշտ ստեղծումը, խախտումներին արագ արձագանքումը եւ այլն»:
Կեցցե մեր ամենաօրինակելի ոլորտը...