Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի կառավարության 2009թ. որոշմամբ` նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Այս մասնագիտական օրվա ընտրությունը մոտավորապես մեկդարյա պատմություն ունի: Սոցիալական աշխատողների գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը եւ նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների ընդլայնմանը:
Հայաստանում կա ավելի քան 4 հազար սոցիալական աշխատող: «Հայաստանում սոցիալական աշխատանքը բավականին կայացած է, եւ սոցիալական աշխատանքի ինստիտուտն այսօր արձագանքում է սոցիալական խնդիրներին»,- ասաց Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Նա հայտարարեց, թե Հայաստանն այս ոլորտում առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ինչպես նաեւ Վրաստանից:
Սակայն նրան հակադարձեց «Կարիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանն` ասելով, թե Երեւանում տիրող իրավիճակը չափազանց տարբերվում է մարզերում տիրող սոցիալական իրավիճակից:
«Կարիտաս» հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է մարզերում: «Մեր գործը միշտ խոսքից առաջ է: Գործունեության ընթացքում տեսնում ենք աղքատության մեջ գտնվող ընտանիքներ եւ վատ ենք զգում, որ մեր երկրում նման բան կա: Նախարարությունը հայտարարում է այս կամ այն ծրագրի մշակման մասին, բայց, ի վերջո, ե՞րբ են կյանքի կոչվելու այդ ծրագրերը »,- հարցրեց ՀԿ-ի գործադիր տնօրենը
Նա նշեց, որ հիմնադրամն ունի 70 երիտասարդ կամավորներ, ովքեր շատ ակտիվ են սոցիալական դաշտում, բացի այդ` հիմնադրամն ունի նաեւ միջազգային կամավորներ: Անահիտ Մխոյանի կարծիքով` այսօր Հայաստանում աճում է աղքատության ցուցանիշը, իսկ նախարարությունը խոսում է միայն «պիտի»-ներով, եւ աղքատության մասին միայն տոկոսային պատկերացում ունի:
Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանի կարծիքով` սոցիալական ոլորտն այսօր զարգացման փուլում է: «Քննադատությունը տեղին է, բայց այսօր, երբ սոցաշխատողներից մեկն անընդհատ այցելում է հիվանդ կամ ծեր մարդու, այդ մարդը շնորհակալ եւ գոհ է մնում: Սոցաշխատողը պետք է սիրով անի իր գործը»,- հայտարարեց նա: