կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 14:27
Հասարակություն

Հանրապետությունում մահացության ցուցանիշն աճել է, ծնելիությանը` նվազել

Հանրապետությունում մահացության ցուցանիշն աճել է, ծնելիությանը` նվազել

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի` 2015 թվականի ժողովրդագրական ցուցանիշները:

Նրա խոսքով` 2015 թվականին ծնված երեխաների թիվը կազմել է  41 հազար 815: Այս ցուցանիշը, ըստ մասնագետի,  նվազել է` նախորդ տարվա համեմատությամբ: «Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ, ունենք նվազում՝ 0.4 պրոմիլային կետով: Եթե դիտարկելու լինենք ծնելիության ցուցանիշը մարզային կտրվածքով, ապա պետք է ասենք, որ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում՝ 14.9 պրոմիլ: Համեմատաբար ավելի բարձր ցուցանիշներ արձանագրվել են նաև Արարատի, Շիրակի ու Կոտայքի մարզերում»,-ասաց Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա`մնացած բոլոր մարզերում միջին հանրապետական ցուցանիշից ավելի նվազ ցուցանիշներ են գրանցվել, նվազագույն ցուցանիշըն արձանագրվել է Սյունիքի մարզում: «Գործակիցը կազմել է 10.2 պրոմիլ, կամ կարող ենք ասել, որ Սյունիքի մարզի յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է 10 երեխա»,- ասաց մասնագետը:

Ներկայացնելով մահացության ցուցանիշները` Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 27 հազար 835 մահվան դեպք: 2014 թվականի համեմատությամբ` մահվան դեպքերն ավելացել են  0.4 տոկոսով:

«Եթե ասենք 1000 բնակչի հաշվով, ապա մահացության ընդհանուր գործակիցը կազմել է 9.3 պրոմիլ և, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել 0.1 պրոմիլով: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով արձանագրվել է 9-ից մի փոքր ավելի մահվան դեպք: Եթե դիտարկենք ցուցանիշը մարզային կտրվածքով, ապա միջինից ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Լոռու մարզում և կազմել 12.5 պրոմիլ: Միջինհանրապետական ցուցանիշից բարձր է մահացության թիվը նաև Տավուշում, Շիրակում և Վայոց ձորում: Իսկ ամենացածր ցուցանիշը՝ 7.9 պրոմիլ, Գեղարքունիքի մարզում է»,- ընդգծեց նա:

Կույումջյանը հավելեց, որ բնական հավելաճը՝ ծնունդների ու մահերի տարբերությունը, կազմել է 13 հազար 980 մարդ, այսինքն՝ հենց այդքանով բնական ճանապարհով ավելացել է երկրի բնակչությունը: Ըստ նրա` նվազել են ծնելության ցուցանիշները, մահացության ցուցանիշներում կա որոշակի աճ:

Կույումջյանը նշեց նաև, որ մեր երկրում ամուսնալուծությունների ցուցանիշը զարմանալիորեն տարբեր է: «Ամուսնալուծությունների մեծ մասը ամուսնական զույգերի քսան տարի և ավելի համատեղ կյանքից հետո է արձանագրվում: Դրան հաջորդում են 1-4 տարվա համատեղ  կյանքից հետո ամուսնալուծությունները»,- ներկայացրեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը: