կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 10:41
Առանց Կատեգորիա

Բիզնեսի փակ դռների առաջ

Բիզնեսի փակ դռների առաջ

Հայաստանում սովորաբար բիզնեսմեն համարում են այն մարդուն, ով սովորական առեւտրական է, չունի որեւէ կրթություն կամ էլ կրթություն ունի, բայց ոչ բիզնեսին վերաբերող, սակայն այս ոլորտում հաջողությունների հասել է: Եվ եթե նա հաջողակ է բիզնեսի ոլորտում, ապա էլ ինչի՞ համար է կրթությունը, պետք է միայն ռիսկի գնալ, գումար ներդնել ու ճարպիկ լինել:

 

Սակայն արի ու տես, որ տարբեր վարկանիշային արդյունքներում նշվում է, որ Հայաստանի մրցունակության համար խոցելի է համարվում հենց բիզնես կրթության որակը: Այսինքն, այնուամենայնիվ, այդ կրթությունն ու բիզնես մասնագետների կարիքն այս տնտեսությունն ունի:

 

«Մեզ մոտ կան շատ բիզնեսմեններ, ովքեր որեւէ առնչություն չունեն բիզնեսի հետ: Պարզապես առեւտրականներ են` բերել, ծախել եւ շահույթ ունենալ: Արդյունքում հեղինակազրկվում է կրթություն ստանալը, օրինակ են բերում նրանց, ովքեր կրթություն չունենալով, մեծ հարստություն են կուտակել: Կրթությունը կտրվում է աշխատաշուկայից, դառնում է ինքնանպատակ»,- մեզ հետ զրույցում նշում է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

 

Նա առկա վիճակը ցույց տալու համար մի օրինակ է դիտարկում. դեռեւս 1990-ականներին Հայաստանում 3 միլիոնից ավելի սեփականաշնորհման սերտիֆիկատներ բաշխվեցին. ենթադրվում է, որ գրեթե բոլոր բնակիչներն էլ ինչ-որ ընկերությունների բաժնետերեր պետք է լինեին: Սակայն այսօր բաժնետերերի ընդհանուր թիվը 120 հազարը չի անցնում, իսկ դրանցից 5 հազարը տիրապետում են բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի 50 տոկոսից ավելիին. սա խոսում է այն մասին, որ կապիտալը խիստ կենտրոնացված է.

 

«Չկա բաց բաժենտիրության գաղափարը: Չկա ընկերություն, որտեղ գոնե 200 քաղաքացի ազնիվ մղումով միավորել են իրենց կապիտալը` շահույթ ստանալու համար: Սա խոսում է այն մասին, որ հարստություն կուտակած խավը չի գիտակցում, որ իր կապիտալը պահպանելու լավագույն ձեւը կարող է լինել բիզնեսի կառավարումը համապատասխան կրթություն ունեցող մարդկանց հանձնելը: Մեզ մոտ դեռ գործում է այն տարբերակը, թե եթե ես եմ տերը, ապա ես պետք է որոշեմ ամեն ինչ»,- ասաց Ա. Մինասյանը:

 

Այնուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում վերջին շրջանում մոդայիկ է դարձել բիզնեսի կառավարում եւ մենեջմենթ ուսումնասիրելը. շատերը ձգտում են դրսում ստանալ կրթությունը, մի մասն էլ բավարարվում է տեղի բուհերով:

 

Տնտեսական գիտությունների թեկնածու Հաբեթ Մադոյանը ներկայումս սովորում է Միսուրիի համալսարանում եւ բիզնեսի կառավարման ապագա մագիստրոս է` MBA (Master of Business Administration): Նա ընդգծում է, որ պետք է տարբերել ձեռներեցությունն ու բիզնեսի կառավարումը. երկրորդ դեպքում ուսանողներին հիմնականում սովորեցնում են ոչ թե բիզնես հիմնել, այլ արդեն իսկ կայացած բիզնեսում աշխատել:

 

Եվ այս դեպքում հարց է առաջանում, իսկ ի՞նչ անեն բիզնեսի կառավարիչները Հայաստանի պես երկրում, որտեղ խոշոր ձեռնարակություններում կապիտալի կենտրոնացվածությունը առավելագույնի է հասնում: Նորից նույն պատասխանն ենք ստանում` մրցակցային դաշտի ապահովում. եթե, օրինակ, շաքար ներկրող միայն մեկ ընկերություն կա, ապա նրան հազիվ թե պետք լինեն իսկապես մասնագետները: Բայց եթե նա ունենա մրցակիցներ, որոնց թիմում կաշխատեն բարձրորակ մասնագետներ, ապա նա էլ պարզապես ստիպված կլինի մրցել դաշտում` իր թիմում կադրային փոփոխություններ անելով:

 

Իհարկե, փորձագետները մոտ ապագայում չեն տեսնում, թե մրցակցային դաշտը կառողջանա, սակայն Հ. Մադոյանը լավատեսորեն է մոտենում այն հարցին, թե արդյո՞ք իրեն կընդունեն Հայաստանում` ուսումն ավարտելուց հետո. «Դե եթե տասը չընդունի, մեկը կընդունի: Չեն ընդունում, որովհետեւ չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը: Բայց այս մասնագետների կարիքը զգում է բիզնեսը, նրանց աշխատանքն ավելացնում է ընկերության շահութաբերությունը, ինչը պետք է հասկանալ»:

 

Հայաստանում ամերիկյան համալսարանն ամենաշատ փորձն ունի բիզնես կրթություն մատուցելու: Այս դեպքում բազմաթիվ քննադատություններ են հնչում, թե ուսումը լրիվ ամերիկյան մոդելով է կազմակերպվում, հաշվի չեն առնվում տեղական շուկայի առանձնահատկությունները:

 

Բիզնես կրթության կարեւոր բաղադրիչներից են համարվում բիզնես օրինակների (case-study) ուսումնասիրությունները. դրանք ոչ թե ենթադրյալ, այլ կոնկրետ ընկերությունների օրինակներ են` իրական տվյալներով: Բիզնեսի եւ մենեջմենթի ֆակուլտետի դեկան էրիկ Գեւորգյանը ճիշտ չէ համարում քննադատական այդ մոտեցումները, նշելով, որ նախ ուսանողին սովորեցնելու միակ միջոցը չէ դա, եւ մյուս կողմից էլ` չես կարող հայ երաժշտին մեղադրել այն բանի համար, որ նա նաեւ Բեթհովեն է նվագում:

 

Իսկ հայաստանյան case-study-ների բացը այնուամենայնիվ լրացվում է. դասերին հյուր են կանչվում տարբեր ոլորտների հեղինակավոր փորձագետների եւ բիզնեսի ներկայացուցիչների: Հաբեթ Մադոյանը սրա առնչությամբ հետաքրքիր նկատառում է անում. «Հայաստանի տնտեսությունն ու տնտեսվարող սուբյեկտներն այնքան փակ են, որ հնարավոր չէ case-study գրել»: Սա էլ մեկ խոչընդոտ` բիզնես կրթության համար:

 

Է. Գեւորգյանը նշում է, որ հայաստանյան բիզնես միջավայրը դեռեւս էվոլուցիայի փուլում է, դեռ բազմաթիվ փոփոխություններ են լինելու եւ դաշտի խաղացողները ստիպված են լինելու պրոֆեսիոնոալ աշխատել` մրցունակ լինելու համար. «Մենք մեր ուսանողներին պատրաստում ենք ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա համար: Մեր շրջանավարտների մի մասը միգուցե այսօր անմիջապես չկարողանա կիրառել իր գիտելիքները, սակայն 10-15 տարի հետո պահանջներն այլ կլինեն»:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ