կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 15:28
Առանց Կատեգորիա

Ծափաթաղ. փակ դռների ետևում միակ բնակիչը քամու սուլոցն է

ԽՍՀՄ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով: 1988-89թթ. նրանք Ադրբեջանից գաղթած հայերի հետ տները փոխանակեցին կամ վաճառեցին ու հեռացան Ադրբեջան: Վերաբնակեցվածներն հիմնականում Դաշքեսանի Կուշչի գյուղից են, շատ կային Բաքվից և այլ քաղաքներից:

Քաղաքից գյուղ տեղափոխվելը և գյուղական կյանքով ապրելը դժվար էր:\"\" Չկար խորհրդատվություն, թե ինչպես ադապտացվեն նոր պայմաններին. անտեսված էին և լքված: «Իրենց տարածքներից տեղափոխվել էին, արմատները շատ չէին այս հողմի մեջ ձգված: Չվողների նման էին և գերադասեցին հիմնականում քաղաքային մասերը, գյուղում չկարողացան մնալ»,- նշում է ծափաթաղցի Օնիկը:

Գյուղի դատարկվելու հիմնական պատճառնորից մեկն արդեն ավանդական դարձած սոցիալական խնդիրներն են: Գյուղում երիտասարդներին մատների վրա կհաշվես. 6-7 երիտասարդ, ովքեր հիմնականում անցել են պայմանագրային ծառայության: Գյուղում նախկին 250 տնտեսությունից մնացել է մոտավորապես 70- ը: Մյուսների դռները փակ են. այդտեղ միակ բնակիչը քամու սուլոցն է: 

\"\"

Ըստ գյուղացիների` թաղամաս կա, որտեղ 30 տնտեսությունից 4-ն է մնացել: Ծառերը մշակող էլ չի մնացել: Արարատյան դաշտավայրի համեմատ` այստեղ 20 օր ուշ է միրգը հասնում: Բայց նշում են, որ իրենց մրգի համն ուրիշ է: «Տոննաներով խնձոր ու տանձ թափվում ա` բառից բուն իմաստով, նեխում ա: Ես հավաքեմ 3 տոննա, 4 տոննա ինչ անեմ, ո՞ւր տանեմ, ո՞ւմ վաճառեմ: Բերքը թափվում, կորում-գնում ա»,- պատմում է Օնիկ պապը:

Գյուղի անվանումը՝ Ծափաթաղ, նշանակում է բարդիների թաղ, սակայն այսօր ջրի սակավության պատճառով նույնիսկ բարդիներն են չորանում:

Գյուղի հրատապ խնդիրներից մեկն էլ ճանապարհներն են: Գյուղացիներն արդեն կատակում են, թե հրդեհից 3 ժամ առաջ պետք է զանգահարես, որ հրշեջները գան, բայց, դե, իրենք գուշակներ չեն:

Գևորգ ԽԱՉԱՏՐՅԱՆ