Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Հայաստանում 18 տոկոս անպտղություն կա: Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի վերարտադրողության բաժնի ղեկավար Գեորգի Պողոսյանը նշեց, որ անպտղության առաջին «խթանը» վիժումներն են, որոնց հաճախակի կրկնվելու պատճառով էլ կնոջ մոտ չբերություն է առաջանում:
«Սեռավարակները նույնպես հանգեցնում են չբերության. երբ տղամարդը արտերկրում է, ընտանիքից հեռու, արտաամուսնական սեռական կապերի մեջ է մտնում եւ իր հետ, որպես նվեր, սեռավարակ է բերում Հայաստան: Իսկ հայ տղամարդիկ ավանդաբար պահպանակ օգտագործել չեն սիրում»,- ասաց Գ. Պողոսյանը:
Մասնագետի դիտարկմամբ` վիրուսային հիվանդությունները նույնպես անպտղության «մեղավորներն» են. դրանք կա'մ վիժումների են հանգեցնում, կա'մ էլ արատավոր երեխայի ծնունդ է արձանագրվում:
«Էլ չասեմ դիետաները, սխալ սնունդը, շրջակա միջավայրը. այս բոլորն ազդում են զույգերի վրա, իսկ կանանց մոտ անպտղության պատճառ կարող է լինել սթրեսը»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ այն միտքը, թե սկեսուրը սպասում է թոռան ծնունդին, իսկ թոռնիկը չի շտապում լույս աշխարհ գալ, հարսի համար նույնպես սթրեսի պատճառ է:
Բժշկի պնդմամբ` կոնքից ներքեւ ջինսե տաբատները նույնպես անպտղության կարող են հանգեցնել. «Աղջիկների հագուստն ահավոր է. հագնում են նեղ տաբատ, որի տակից ինչ ասես` չի երեւում: Այդ ջինսերը եւ տոպիկները տխուր տպավորություն են թողնում քաղաքում, մանավանդ, երբ արդեն ծովափնյա շրջանը վաղուց անցած է լինում»:
Պողոսյանը նշեց նաեւ, որ սեռավարակները ոչ միայն անպտղության են հանգեցնում, այլեւ շատ բարդ հետեւանքներ կարող են թողնել մարդու հետագա կյանքի ընթացքի վրա` ընդհուպ մինչեւ մահը. «Օրինակ`խլամիդիան 40-45 տարեկանում տղամարդու մոտ կարող է ինֆարկտ առաջացնել»: