կարևոր
4561 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-29 11:58
Տարածաշրջան

Օսմանյան փաստաթուղթ․ Բանվորական գումարտակներում ընդգրկված որոշ հայ տղամարդիկ սպանել են թուրք զինվորականների

Օսմանյան փաստաթուղթ․ Բանվորական գումարտակներում ընդգրկված որոշ հայ տղամարդիկ սպանել են թուրք զինվորականների

Հայոց ցեղասպանության պատմությանը քաջատեղյակ մարդկանց լավ հայտնի են «Բանվորական գումարտակները» (Amele Taburları), որոնք օգտագործվել են ինքնապաշտպանության կարող հայ և հույն տղարամդկանցից ազատվելու նպատակով։ Սակայն համեմատաբար քիչ հայտնի է, որ որ պատահել են դեպքեր, երբ հայ կամ հույն տղամարդիկ ըմբոստացել են իրենց համար նվաստացուցիչ այդ դրության դեմ։

Հարկ է հիշեցնել, որ այս գումարտակներում ընդգրկված հայերն ու հույները զուրկ են եղել զենքից, նորմալ հանդերձանքից և օրգանիզմի համար անհրաժեշտ չափով սննդից։ Այսպես, օրինակ, ինչպես 1961 թ․ իր հուշերում հայտնում էր պոնտոսցի հույն զինվորական Դիմիտրիս Ցիրկինիդիսը․ «Մեզ զենք չտվեցին։ Մեր միակ զինվորական հանդերձանքը և՛ որպես անկողին, և՛ որպես ներքնակ օգտագործվող ու պատառ-պատառ եղած մեծ զինվորական վերարկուն էր։ Հոկտեմբեր ամսվա վերջն էր, և այդ շրջանում սկսել էր ձյուն տեղալ։ Մեր ամբողջ ուտելիքը կազմում էին օրական երկու անգամ տրվող մի կտոր հացն ու ապուրը։ Ամեն օր մեզնից մի քանիսը մահանում էին ուժասպառությունից կամ ծեծի ենթարկվելու պատճառով։  Բազմիցս մեր տրեխներից կերակուր ենք պատրաստել ու կերել։ Նոյեմբեր ամսին տիֆ տարածվեց․․․»։

Ինչպես նշված է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի կողմից առաջին անգամ ստորև հրապարակվող սույն օսմանյան փաստաթղթում, Զմյուռնիա (Իզմիր) նահանգի Ուրլա գավառում նման բանվորական գումարտակներից մեկում ընդգրկված հայ տղամարդիկ սպանել են իրենց թուրք կապիտանին և մի քանի մահմեդական զինվորների։  Հեռագրում ընդգծվում է, թե հարկ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ դեպքի կապակցությամբ։ Հեռագիրը Օմսանյան պետության Ընդհանուր անվտանգության տնօրինությունից հղվել է Էրզրումի (Կարին), Ադանայի, Անկարայի, Բիթլիսի (Բաղեշ), Հալեպի, Սվասի (Սեբաստիա) և այլ վիլայեթներ (նահանգներ), ինչպես նաև՝ Ուրֆայի (Եդեսիա), Իզմիթի (Նիկոմեդիա), Ջանիկի, Կայսերիի (Կեսարիա) և ուրիշ սանջակներ (շրջաններ):

Թեև փաստաթղթում որևէ տեղեկություն չկա, թե իրականում որն է եղել այս դեպքի դրդապատճառը, սակայն դժվար չէ գուշակել, որ հայ տղամարդկանց ըմբոստությունն ամենայն հավանականությամբ կապված է եղել բանվորական գումարտակներում անմարդկային պայմանների և թուրք հրամանատաների ու զինվորականների կողմից իրականացված բռնարարքների հետ։ Այսինքն, մեր համոզմամբ, սույն փաստաթուղթը պետք է դիտարկել Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի ինքնապաշտպանության համատեքստում։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը շնորհակալություն է հայտնում այս փաստաթուղթը հիմնադրամին փոխանցած թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուին։

Մելինե Անումյան

Akunq.net