կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-01 18:11
Առանց Կատեգորիա

Վարչապետի միրաժները

Վարչապետի միրաժները

Այո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «հալյուցինացիայի» մեջ է: Ոչ ոք ավելի լավ, քան «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանն է դա արել, դեռ չի կարողացել բնութագրել այն վիճակը, որում այժմ գտնվում է ՀՀ վարչապետն իր նախընտրական շտաբով:

 

Եթե Կարինե Հակոբյանը սխալվում է, ապա ինչպե՞ս պատահեց, որ, Սփյուռքը չհաշված, մոտ երեք միլիոն հայ չհասկացավ, թե ինչ ասաց իր վարչապետը: Եթե, այնուամենայնիվ, երեք միլիոն մարդ չի կարող իդիոտ լինել, ապա մնում է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանը հաստատ այն չի ասել, ինչ գուցե եւ կուզենար ասել: Դե գիտեք, ոչ մեկի համար էլ հեշտ չէ ինչ-որ բան ասելը, երբ լրագրողները գիշանգղների նման վրա են տալիս ու, ձայնագրիչները միացրած, շունչները պահում:

 

Ամենատարօրինակը սակայն հետո է սկսվում: Փոխանակ Տիգրան Սարգսյանը ներողություն խնդրի եւ հայտարարի, որ ասվածը պահի տակ թռել է բերանից, ընդհակառակը, մի բան էլ նրա գաղափարակիցները երեք միլիոն մարդու են փորձում գիժ հանել` սխալ եք հասկացել վարչապետին, հումորի զգացում չունեք, ու նման բաներ:

 

Իսկ մի ՀՀԿ-ական պատգամավոր` Համլետ Հարությունյան անուն, որ հենց սկզբնաղբյուրից է լսել վարչապետի` «հալյուցինացիայի» մեջ լինելու ախտորոշումը, փոխանակ հոնքը սարքելու, աչքն էլ է հանել` ասելով. «Ի՞նչ հակասահմանադրական բան կա նրա մեջ, որ ասում է` եթե ինձ հետ չհամագործակցես, գործերդ լավ չեն լինի: Վարչապետը նկատի է ունեցել Հանրապետականի հզորությունը: Իհարկե, եթե «Ժառանգությունը» նման բան հայտարարեր, մի քիչ զավեշտական կլիներ, բայց եթե հզոր կուսակցությունն է դա ասում, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»:

 

Նկատեցի՞ք սույն երեսփոխանի վերջին հարցադրումը` ի՞նչ վատ բան կա դրա մեջ...  Պարոն Համլետ Հարությունյանին մի այսպիսի տարօրինակ հարց տանք` եթե ՀՀԿ-ն այդքան հզոր է, ինչո՞ւ է ընտրություն անում, ինչո՞ւ Հայաստանը չի հռչակում թագավորություն ու իր ղեկավարին չի նշանակում թագավոր: Հը՞: Հասկացանք, մեծ եք, մասսիվ եք, զանգված եք, գերծանրքաշային, ինչպես ձեր մասին սիրում եք ասել, բայց չէ՞ որ բնության օրենքներով հնարամիտներն են, ի վերջո, իշխում: Լսե՞լ եք, որ մեկն ասի, թե հիպոպոտամը կենդանիների թագավորն է: Ռազմերները տվյալ դեպքում կապ չունեն, որովհետև հայտնի բան է` հիպոպոտամի ուղեղը նրա մեկ ականջից էլ փոքր է:

 

Փղի պատմությունն ընդհանրապես հետաքրքիր է: Սա էնքան խելք ունի, որ հայտարարել է` կենդանիների թագավորի մրցույթին ինքը չի մասնակցելու, որովհետև մրցակից չի տեսնում: Արդյունքում թագավոր է հռչակվում առյուծը, որ երբեմն-երբեմն ճաշին նախընտրում է փղի պլոճիկները:

 

Դեմոկրատական հասարակություններում, ինչպիսին կառուցում է նաև ՀՀԿ-ն, ուժի մասին խոսք ընդհանրապես չպիտի լինի: Հայաստանը ջունգլի չէ, եւ ուժեղն էլ ուժով պարծենալու, մյուսներին հաթաթա տալու գայթակղությունը պիտի չունենա: Նման դեպքերում, այո, ասում են, որ ուժեղը հալյուցինացիայի մեջ է, տո լի հիպոպոտամի, տո լի փղի վիճակում, եւ, հավանաբար, իրականություն կվերադառնա այն ժամանակ, երբ նրա համապատասխան տեղերը ձգեն: Որտեղի՞ց: Ես ի՞նչ իմանամ, ասենք` Եվրոպայից կամ Մոսկվայից: Հայաստանում ով ձգեց` ձգեց, ով էլ հավատաց այդ մեծամտությանը, փախավ, կանգնեց հսկայի շվաքում, որ իր համար լավ լինի, որ հանկարծ կոտրած տաշտակի առաջ չհայտնվի: Ո՞վ կարող է այսքանից հետո ասել, որ հալյուցինացիան վարակիչ չէ:

 

Էդ. Ա.