կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 14:40
Հասարակություն

«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են, որ վարչապետի երաշխավորությամբ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի, վարչապետի օգնականն ասաց՝ գործին չեն խառնվելու

«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են, որ վարչապետի երաշխավորությամբ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի,  վարչապետի օգնականն ասաց՝ գործին չեն խառնվելու

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են  կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց հետ:

Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը և հաղորդեց Փաշինյանի կարծիքը:  «Նա չի կարող միջամտել գործի քննությանը:  Հիմա կոնկրետ կարո՞ք եք հստակեցնել վարչապետի վերաբերյալ  պահանջները, որովհետև վարչապետը բազմիցս հստակ հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքին չի խառնվելու: Բնականաբար, այս գործը չի կարող լինել բացառություն: Եթե կոնկրետ այլ բան կա, որ ակնկալում եք վարչապետից, պատրաստ եմ փոխանցել»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

Ի պատասխան` «Սպայկա» ՍՊԸ-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը շեշտեց. «Մեզ համար առաջնային խնդիրը մեկ րոպե առաջ, իրավական դաշտի բոլոր պահանջներին համապատասխան, պարոն Ղազարյանի կալանավորումը չեղյալ հայտարարելն է: Մենք ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց կողմից անձնական երաշխիքի միջոցով, և մենք պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի: Մենք խնդրում ենք, որ նրա անձնական երաշխիքով դատարանն ազատ արձակի կամ չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Դա է մեր պահանջը»: 

Նա հավելեց, որ իրենք դատական գործի միջամտություն չեն պահանջում վարչապետից, լավ գիտեն՝ նոր Հայաստանում նման բան չի կարող լինել:  

Վարչապետի օգնականը հակադարձեց. «Բայց չե՞ք կարծում, որ ձեր ասած միջնորդությունը  քրեական գործի պրոցեսի վրա կհանդիսանա ազդեցություն»:

«Ի՞նչ տարբերություն, թե ով է տալիս այդ միջնորդությունը՝ քաղաքացի՞ն, թե՞ վարչապետը»,- պատասխանեց «Սպայկա» ՍՊԸ-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը:

Հավելենք, որ քիչ առաջ բողոքի ակցիան դադարեցվեց: