Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նոր որոշման համաձայն` նոր ՀԴՄ սարքերը, որոնք պարտավորվում են գնել տնտեսվարող սուբյեկտները, արժեն 369 600 դրամ: 369 600 դրամ` ճիշտ այնքան, որքան «Հայ գիրք» գրախանութի մեկ տարվա շահույթն է: Այսինքն` կառավարության որոշման համաձայն` գրախանութը պետք է ամբողջ տարին տքնաջան աշխատի, վճարի իր աշխատակիցներին, կոմունալ վարձավճարները, մնացած հարկերը բարեխղճորեն վճարի, իսկ մեկ տարվա շահույթով գնի ՀԴՄ նոր սարքը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «հիացած» է` Հայաստանում կան մարդիկ, որոնք ստիպում են կառավարությանը նման որոշում ընդունել, ինչ է, թե շտապ, շատ շտապ 40 մլն դրամ աշխատեն:
«Ուրիշ ոչ մի կերպ չի բացատրվում այս երեւույթը: 2012-ին նոր օրենք ընդունվեց, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչ չափորոշիչներով պետք է ՀԴՄ սարքերը լինեն, իսկ հիմա կառավարությունը «կոնկրետացել» է եւ նոր որոշման մեջ անգամ սարքի ֆիրմային անունն է նշում: Ինչո՞ւ գնեմ մի սարք, որը ես Չինաստանից կարող եմ գնել 30 դոլարով, իսկ հիմա, որպես ՀՀ տնտեսվարող սուբյեկտ, պարտավոր եմ այն գնել 1000 դոլարով»,- ասում է Մարտիրոսյանը:
Նրա հավաստմամբ` կառավարության չափորոշիչներով ՀԴՄ սարք Հայաստան կարելի է ներմուծել նաեւ 12 000 դրամով, իսկ երեկ Մարտիրոսյանը գնել է մի սարք, որն արժե 50 000 դրամ: Մարտիրոսյանի կարծիքով` այս որոշմամբ կառավարությունը մենաշնորհային կարգավիճակ է տալիս մեկին, ինչի պատճառով կտուժեն փոքր ու միջին ձեռնարկատերերը:
«Ստիպված պետք է գրքի արժեքը 1000 դրամով բարձրանա, որը ելք չէ: Ինչո՞ւ գիրքը թանկանա. դրանից կտուժի ընթերցողը, իսկ չընթերցողը եւս մեկ «մահանա» կունենա: Ի դեպ, դեռ անհրաժեշտ է ամսական 3000 դրամ վճարել` սպասարկման համար: Եթե այսպես շարունակվի, շուտով կառավարությունը որոշում կընդունի, որ յուրաքանչյուր գող պարտավոր է նախապես 10 000 դրամ վճարել, որ իրեն ձերբակալելիս ձեռնաշղթա անցկացնեն»,- ասում է Մարտիրոսյանը եւ հավելում, որ հարցն այսպես չի մնալու եւ իրենք պայքարելու են` մինչեւ օրենքը կասեցվի. «Ի՞նչ է` վարչապետը չգիտի՞, որ Հայաստանում առանց այն էլ վատ է գրախանութների վիճակը, առանց այն էլ ընթերցողները քիչ են: Ո՞ւմ բողոքենք` վարչապետի՞ն. վարչապետին վարչապետի՞ց բողոքենք»:
«Հայ գիրք» գրատան տնօրեն Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ անցյալ տարի մի քանի փոքրիկ գրախանութ է բացվել, որոնցից մեկն էլ «Հայ գիրքն» է, որն այսօր նման որոշումից հետո կանգնած է լինել-չլինելու առջեւ:
«Այդ սարքերը ներկրելով` կկարողանան գերշահույթ ստանալ: Մեկ ՀԴՄ այդ սարքը գնելը լիովին բավարար է, որպեսզի «Հայ գիրքը» փակվի։ Այսինքն` նորից կսկսեն փակվել գրախանութները: Հայաստանում գրահրատարակչությամբ զբաղվելն ու գրախանութ ունենալն ինչ-որ մեկի էնտուզիազմի հաշվին է արվում: Գրախանութ ունենալը ոչ թե հերոսություն է, այլ նահատակություն եւ մարտիրոսություն»,-ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ իրենք ոչ մի երաշխիք չունեն, որ հաջորդ տարի կառավարությունը նոր ՀԴՄ սարքեր չի բերի եւ պարտադրի, որ հենց դրանք գնեն:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ, իր հերթին, նշեց, որ ինքը մի խումբ գրողների եւ գրականագետների անունից հավաստիացնում է, որ իրենք կանգնած են լինելու գրահրատարակիչների կողքին: «Մեր իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ գիրքը չի կարելի թանկացնել, ինչպես չի կարելի ծառ կտրել, հայրենիքը դավաճանել»,- նշեց նա:
Ի դեպ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նույնպես հայտարարել է, որ ՀԳՄ-ն ամեն կերպ կաջակցի գրահրատարակիչներին եւ գրախանութի տնօրեններին. ՀԳՄ-ն պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: