կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 18:19
Աշխարհ

Խնդիր, հնարավորություն եւ գործողության կոչ

Խնդիր, հնարավորություն եւ գործողության կոչ

Կանխատեսումների համաձայն` հինգ օրից աշխարհի բնակչությունը կհասնի 7 միլիարդի:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հրապարակած` «Աշխարհի բնակչությունը-2011» զեկույցում նշված է, որ մեր ներկայիս քայլերից է կախված` ապագայում կապրե՞նք առողջ, էկոլոգիապես կայուն եւ բարգավաճ կյանքով, թե՞ դատապարտված կլինենք քաղել անհավասարության, շրջակա միջավայրի դեգրադացման եւ տնտեսական անկման պտուղները:

 

ՄԱԲՀ գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինը «Մարդիկ եւ հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում» ենթազեկույցի նախաբանում նշել է, որ բազմաթիվ պատճառներ կան բնակչության այս ռեկորդային թիվը մարդկության հաջողությունը համարելու համար. մարդիկ ապրում են ավելի երկար ու առողջ, աշխարհում ավելի շատ երեխաների կյանք է հաջողվում փրկել: Բայց ոչ բոլորն են կարողանում օգտվել այս ձեռքբերումներից կամ կյանքի ավելի բարձր որակից: Հսկայական անհավասարություններ կան ինչպես երկրների միջեւ, այնպես էլ բուն երկրներում: Բացի այդ` անհավասարություն կա նաեւ տղամարդկանց եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների միջեւ:

 

«Յոթ միլիարդի եզրագծին հասնելը կարելի է դիտարկել որպես խնդիր, հնարավորություն եւ գործողության կոչ», - ասել է Օսոտիմեհինը Լոնդոնում զեկույցի ներկայացման ժամանակ:

 

Ի դեպ, զեկույցի շնորհանդեսը միաժամանակ անցկացվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում: Օսոտիմեհինը հայտնել է նաեւ, որ աշխարհի 7 մլրդ բնակչությունից 1.8 միլիարդը 10-24 տարեկան երիտասարդներ են: «Երիտասարդները, ովքեր ի վիճակի են կտրուկ փոխել գլոբալ քաղաքական լանդշաֆտը եւ արագացնել իրենց երկրների տնտեսական զարգացումը` ի հաշիվ սեփական ստեղծագործական ներուժի եւ նորամուծություններ բերելու կարողության, առանցքային դեր են խաղում ապագայի ձեւավորման գործում: Սակայն անհրաժեշտ է օր առաջ օգտվել երիտասարդության հսկայական ներուժը բացահայտելու հնարավորությունից»,- ասել է նա:

 

Ըստ զեկույցի` զարգացող երկրներում վերարտադրողական տարիքի 250 միլիոն կին զրկված է ընտանիքի կամավոր պլանավորման հնարավորությունից: Աշխարհի շատ երկրներում կանանց կարգավիճակը ցածր է, նորածինները եւ երեխաները գոյատեւելու ավելի քիչ հնարավորություն ունեն: Զարգացող աշխարհում կան միլիոնավոր դեռահաս աղջիկներ եւ տղաներ, ովքեր շատ սահմանափակ հնարավորություն ունեն ստանալու սեռական կրթություն եւ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես պետք է կանխարգելել հղիությունը կամ պաշտպանվել ՄԻԱՎ-ից:

 

«Աշխարհի բնակչությունը-2011» զեկույցը հիմնականում հիմնվում է տեղերից ստացված նյութերի վրա, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես են ժողովրդագիրները, ազգային ղեկավարները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անհատները փորձում դիմագրավել ժողովրդագրական միտումներին՝ բնակչության ծերացումից մինչև երիտասարդների թվի արագ աճ, ժողովրդագրական աճի բարձր տեմպերից մինչև բնակչության թվաքանակի կրճատում, արագ ուրբանիզացումից մինչև աճող միջազգային միգրացիա: