կարևոր
1435 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 20:50
Հասարակություն

Գործ ունենք մի հայելու հետ, որը ոչ միայն բան չի ցույց տալիս. Ալումյանը՝ ՄԻՊ-ի մասին

Գործ ունենք մի հայելու հետ, որը ոչ միայն բան չի ցույց տալիս. Ալումյանը՝ ՄԻՊ-ի մասին

Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը սահմանված է համապատասխան օրենքի 2-րդ հոդվածով։ Այդ հոդվածում և ողջ օրենքում չկա մի դրույթ, որն ուղղակի կամ անուղղակի լիազորեր ՄԻՊ-ին քննարկման առարկա դարձնելու փաստաբանների վարքագիծը (միգուցե՝ բացառությամբ այն դեպքի, եթե խոսքը գնար պետության կողմից ֆինանսավորվող իրավաբանական ծառայությունների որակի մասին)։

Ինձ թվում է՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պաշտոնյան լավ չի պատկերացնում իր պաշտոնի իմաստը և լիազորությունների շրջանակը։

Եթե այդպես է, ապա կարճ նկարագրեմ այդ ինստիտուտի գաղափարը.

Ցանկացած [խելացի] իշխանություն ունի «հետադարձ կապի» կարիք։ Իմաստը նա է, որպեսզի լինի մի սուբյեկտ, որը համարձակություն կունենա իշխանություններին ասել, թե որտեղ են նրանք խախտում մարդկանց նկատմամբ իրենց պարտավորությունները և դա լինի այնպիսի սուբյեկտ, որի հեղինակությունն այդ ոլորտում իշխանությունները կասկածի տակ չեն դնում։ Այդ է պատճառը, որ օրենքով հենց իշխանություններն են ընտրում ՄԻՊ-ին։

(Չզարմանաք, սակայն միջնադարում խեղկատակներն էին ապահովում «հետադարձ կապը», քանի որ միայն նրանց էր թույլատրված քննադատել իշխանավորներին, այն էլ՝ կատակի ձևով։)

Եթե չլինի ՄԻՊ-ի կողմից իշխանություններին ուղղված քննադատություն, ապա դա չի վերացնի պրոբլեմը, պարզապես նույն բանը կասվի արդեն այլ սուբյեկտների կողմից և այլ եղանակով։

Պատկերավոր ասած՝ ՄԻՊ-ը իշխանությունների համար ծառայում է որպես հայելի, որտեղ նրանք կարող են տեսնել իրենց իրական դեմքը։ Խելացի իշխանությունները միշտ շահագրգռված են ունենալ լավ որակի հայելի։

Մինդեռ (շարունակելով պատկերավոր խոսքը) տվյալ դեպքում գործ ունենք մի հայելու հետ, որը ոչ միայն բան չի ցույց տալիս, այլ նաև՝ ի սկզբանե հայելու տիրոջ կողմից նախատեսված է ոչ թե որպես հայելի, այլ՝ որպես բամփող գործիք այն անձանց դեմ, ովքեր կհանդգնեն կասկածի տակ դնել իշխանությունների դեմքի գեղեցկությունը»։