կարևոր
1144 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-14 22:12
Հասարակություն

Արթիկի բաց աղբավայրի աղետը՝ համայնքային անգործության և անպատասխանատվության արդյունք. ահազանգ

Արթիկի բաց աղբավայրի աղետը՝ համայնքային անգործության և անպատասխանատվության արդյունք. ահազանգ

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ահազանգում է.

«Այս կարևոր խնդիրն ըստ էության տարիներ շարունակ մնացել է ստվերում՝ ինչպես կառավարության, այնպես էլ համայնքային իշխանությունների մակարդակում։

Խոսքը Արթիկի համայնքում գործող բաց աղբավայրի մասին է, որի վիճակը հասել է այն սահմանագծին, երբ լռությունը այլևս նույնացվում է հանցավոր անտարբերության հետ։

Տարիներ շարունակ շահագործվող բաց աղբավայրը դարձել է էկոլոգիական աղետի իրական աղբյուր։

Արթիկի աղբավայրը՝

– չունի սանիտարական որևէ նորմ,

– հանդիսանում է մշտական հրդեհավտանգ տարածք,

– արտահոսքով աղտոտում է շրջակա հողերը,

– և ամենավտանգավորը՝ սպառնում է համայնքի բնակչության առողջությանը։

Արթիկի աղբավայրի աղետը՝ համայնքային անգործության և անպատասխանատվության բացահայտ արդյունք է։

Վերջին օրերին բազմաթիվ արթիկցիներ դիմել են ինձ՝ խիստ մտահոգված իրենց բնակավայրի աղբավայրի սարսափելի և անտանելի վիճակով։ Նրանց ձայնը լսելի դարձնելն իմ պարտականությունն եմ համարում ։

Խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է արտակարգ կարգով միջամտություն պետական մակարդակով։

Դիմում եմ պատկան մարմիններին՝ մշակել և շատ արագ սկսել այս խնդրի լուծման ծրագիր՝

-աղբավայրի փակման

-սանիտարական մաքրման

-նոր աղբավայրի կամ աղբի վերամշակման կենտրոնի կառուցման ուղղությամբ։

Այս հարցը պետք է լուծվի ոչ վաղը, այլ այսօր»։