կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 16:23
Քաղաքական

Ձախողման հետեւանքները վտանգավոր կլինեն

Ձախողման հետեւանքները վտանգավոր կլինեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու փաստը, դա մեր արտաքին գերատեսչության խայտառակ ձախողումը համարեց:

 

Վահան Հովհաննեսյանի համոզմամբ`  կոալիցիոն կուսակցությունների` Ադրբեջանի ընտրվելն  աննշան եւ կարեւորություն չունեցող երեւույթ համարելու փորձերը, եւ պնդումները, թե դրանից ոչ մի վտանգ չկա, պարզապես իրականությունը թաքցնելու կամ չգիտակցելու փորձեր են:

 

«Ամեն գնով պետք էր սա թույլ չտալ, եւ կարելի էր դրան հասնել»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննեսյանը` որպես օրինակ նշելով, որ Հայաստանը կարող էր առաջադրել սեփական թեկնածությունը: «Պարզ է, որ հակադրության մեջ գտնվող պետությունների հայտնվելը` որպես թեկնածուներ, շատ-շատ երկրների, որոնք այս պարագայում Ադրբեջանին կողմ քվեարկեցին, առնվազն չեզոք դիրքի կբերեր, եւ ձեռնպահ քվեարկեին, իսկ  Ադրբեջանը 2/3 չէր հավաքի»,- նշեց նա:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավարը պնդում է, որ  մեր կողմից  անհրաժեշտ չափով դիմադրություն չի եղել. հավանաբար լոբբիստական ինչ-որ աշխատանքներ կատարվել են, բայց` ոչ բավարար: «Ես կարծում եմ, որ այս ձախողման հետեւանքները կարող են բավական վտանգավոր լինել, որովհետեւ որքան էլ փորձենք սա աննշան հաջողություն համարել Ադրբեջանի համար, դա այնքանով նշանակալից է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ՄԱԿ-ի օրակարգ ձեւավորելու, եւ մոտակա տարիներին  նրա ձայնը շատ ավելի ազդեցիկ է դառնում, ինչը, բնականաբար, Ադրբեջանն օգտագործելու է իր հակահայկական քաղաքականության մեջ» ընդգծեց Վ. Հովհաննեսյանը: