Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ Պն-ն երեկ հայտարարեց նոյեմբերի 16ին ադրբեջանական զինուժի հարձակման արդյունքում հայկական կողմի կրած կորուստների մասին, ըստ որի՝ ՀՀ արևել յան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այդ պահի տվյալներով, ուներ 6 զոհ։ Իսկ պաշտոնական հայտարարությունից երկու օր առաջ իշխանական պատգամավորը հայտարարում էր 15 զոհի մասին (հետո արդարանում էր, թե ասել է՝ այդ պահի ՉՃՇՏՎԱԾ տվյալներով), որից հետո Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հայտնում է 10 զոհի մասին տեղեկություններ, իսկ լրատվամիջոցներում զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերեվարվածների մասին շրջանառվում են այլ տեղեկություններ։ Արժե տևական ուսումնասիրության ենթարկել՝ ինչ է կատարվում ՀՀ սուվերեն տարածքից ներս, և ինչու է հայկական կողմը իրավիճակի և դրանով պայմանավորված հետևանքների մասին տալիս խառնափնթոր, հակասական, ուշացած և կասկածելի բովանդակությամբ ինֆորմացիա։ Ինչն, ի դեպ, վերջին շրջանում դարձել է օրինաչափություն։
Արժանահիշատակ է նաև այն, որ զոհերի, վիրավորների, գերի ընկածների, կորցրած դիրքերի և անհետ կորածների մասին հակասական տեղեկատվությունից բացի, մի ամբողջ օր համացանցի հայկական տիրույթը, լրատվադաշտն ու պետական կառույցները իրար հերթ չտալով հերքում, հաստատում, գործեր էին հարուցում Ռուստամ Մուրադովի՝ Բաքվից բերած հայ զինծառայող Տարոն Սահակյանի դիակի, նրա մահանալու հանգամանքների մասին։ Իսկ ահա Ադրբեջանը օպերատիվ կերպով համակարգված հրապարակում է իր կորուստների և իրավիճակն իր համար ցանկալի տեսանկյունից պատկերելու վերաբերյալ տեղեկատվություն։ Այդ ընթացքում Երևանում ակտիվորեն սկսում են խոսել նաև դիրքերի գրավման, կրակելու հրաման տալ-չտալու մասին։ Ակամայից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք պետական համակարգի ֆունկցիոնալ անորոշության հետ։ Առաջին հերթին բանակի և զինվորի պարտականությունների կատարման մասով, երկրորդը՝ ստեղծված իրավիճակում տեղեկատվության հակասականության։
Պետք է փաստենք, որ բանակի և զինվորի սուրբ պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանները, իսկ համացանցում տարածվող տեսանյութերի կադրերից երևում է, որ հայ զինվորին առանց կրակելու, ուղղակի դիրքից քշում են, ծեծում, նվաստացնում, իսկ հայ զինվորը, զենքը ձեռքին, գերի է ընկնում։ Վարչապետը հայտարարում է, որ չկրակելու հրաման չի եղել, և որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է։ Այս հայտարարությունը իրականում տեղեկատվության հակասականության արդյունք է նաև։
Իսկ այդ խրթին իրավիճակում պաշտպանության նախարար է փոխվում։ Ինչ վերաբերում է հայ զինվորի դին Հայաստան վերադարձնելուն, ապա հետաքրքիր հարց է առաջանում, թե ի՞նչ մոտիվ ուներ ադրբեջանական կողմը բեկորային մահացու վիրավորում ստացած հայ զինվորի դին տանելու Բաքու, իսկ ռուս գեներալը՝ գերիներին վերադարձնելու փոխարեն վերադարձներ այդ զինծառայողի դին։ Փոխանակ այս մասին տրամաբանված պարզաբանումներ ներկայացվի հանրությանը, մատուցվում են իրար հակասող տեսակետներ։ Իրականում տեղեկատվական այս վակուումը ավելի շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ավելի շատ հարցերի տեղիք են տալիս, իսկ տրամաբանված և ռեալ պարզաբանումների բացակայությունը ծնում է անծայրածիր երևակայական ենթադրություններ։
Հաջորդ կարևոր հանգամանքն այս իրավիճակի առաջացման օբյեկտիվ նպատակն է։ Ադրբեջանը զինված ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, բնականաբար, ունի նպատակ պարտադրանքի ուժով ստանալ Հայաստանից առավելագույն զիջումները, որը հնարավոր է այս ժամանակահատվածում և իրադրության մեջ։ Իսկ ո՞րն է հայկական կողմի նպատակը... Եթե մի պահ մտածենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացն է, որի մասին բազմիցս հայտարարվում է, ապա դրանք միջոցներ են որոշակի նպատակի համար։ Միգուցե միջանցքի տրամաբանությունը թույլ չտա՞լն է։ Ենթադրենք՝ ՀՀ-ն նպատակ է դրել թույլ չտալ, որ միջանցք բացվի իր տարածքով, սահմանային անվտանգության խնդիրները լուծելու համար, իսկ ո՞ւր են համապատասխան անվտանգային միջոցառումները, սահմանի երկայնքով ամրաշինական կառույցներն ու ակտիվ սահմանապահ ծառայության իրականացումը, էլ չենք ասում՝ դրա վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու գործողությունները։
Փոխարենը վերոնշյալի վերաբերյալ պատասխանատուներից հանրությունը լսում է լղոզված, կիսատ և կասկածներ հարուցող պատասխաններ։ Իսկ ստեղծված իրավիճակում Հայաստանի նպատակները մնում են ենթադրությունների տիրույթում, քանի որ միջոցներն ու գործողությունները ոչ մի կերպ չեն արտացոլում նպատակի գոյությունը, համենայնդեպս՝ պետության շահերից բխող։ Մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի արևել յան հատվածում՝ Սև լճի, Իշխանասարի, Վերին Շորժայի, Սիսիանից հյուսիս ընկած տարածքներում, և չի թաքցնում ներխուժումը խորացնելու իր պատրաստակամությունը՝ զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ իրականացնելով ՀՀ սահմանի տարբեր հատվածներում։
Այս իրադրության մեջ դժվար թե հայկական կողմն իր նպատակը իրականացնելու համար ունի բավարար միջոցներ։ Իսկ ինչո՞ւ է ստեղծվում այնպիսի տպավորություն, որ ադրբեջանական կողմի նպատակների հայտնիությունը հայկական կողմը քողարկում է անորոշ և անհուսալի գործողություններով և հակասական տեղեկատվության միջոցով։ Պետական համակարգի առջև ծառացած կարևորագույն պրոբլեմներից մեկը հանրության հետ կապ հաստատելու հուսալիության, վստահության և կայունության հաստատումն է։ Բանն այն է, որ այս իրավիճակը ավելի ցայտուն դարձրեց մի իրողություն՝ խախտվել է ոչ միայն ողջ պետական համակարգի, այլև կոնկրետ կառույցների գործառնության օպտիմալությունը. նկատի ունեմ անվտանգային համակարգի կառույցներից մեկի՝ պաշտպանական համակարգի, ինչպես նաև պետական համակարգի կառուցվածքային տարրերի միջև կապը։
Կարող ենք դա վերագրել 44-օրյա պատերազմի ընթացքում «Հաղթելու ենք» կարգախոսով պայմանավորված հակառակ պատկերին, բայց դրանից անցել է արդեն մեկ տարի, իսկ պաշտպանական գերատեսչությունը իր տեղեկատվական և քարոզչական գործառույթները վերաիմաստավորելու և ուժեղացնելու ժամանակ ունեցել է։ Պետք է հաշվի առնել մի շատ կարևոր ճշմարտություն. եթե ինֆորմացիայի տարածման նախաձեռնությունը չի պատկանում պաշտպանական գերատեսչությանը, ապա այդ կառույցը դառնում է եղած շրջանառվող տեղեկատվության պարզաբանողը, հերքողը, իսկ որոշ դեպքերում՝ նաև սպառողը։ Այլ կերպ ասած, պետական կառույցները հանրությանը տեղեկացնելու իրենց իրական ֆունկցիան և իրավունքները զիջել են տեղեկատվական բազմազանությանն ու արագությանը։
Միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծումը փաստացի չլուծեց գերատեսչությունների և հանրության կապի հուսալիությունը և վստահությունը, ուստի անհրաժեշտ է մտածել այլ լուծումներ գտնելու մասին։ Այսօրվա ինֆորմացիոն «վակխանալիայի» պատճառներից մեկն էլ հենց այդ կապի շուրջ ստեղծված խնդիրներն են։ Հայաստանը, անկախ իր կամքից, ներգրավված է նաև տեղեկատվական պատերազմի մեջ։ Իսկ տեղեկատվական պատերազմում հաջողությունների հասնելու կարևորագույն նախապայմաններից է կազմակերպվածությունը։ Այս իրավիճակում տեղեկատվության փոխանցման կազմակերպվածության բացակայությունը ոչ միայն անհաջողություն է երաշխավորում, այլև լուրջ օգնություն է մատուցում թշնամուն։
Այլ կերպ ասած, Հայկական կողմի հակասական տեղեկատվությունը թշնամու համար լրացուցիչ առիթ է տեղեկատվական գրոհն ու հոգեբանական ազդեցությունը խորացնելու համար։ Մինչև հայկական կողմը որոշում է հերքել կամ պարզաբանել ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թշնամին հաջորդ ինֆոգրոհն է իրականացնում ու այդպես շարունակ, մինչև որոշումներ կայացնողների մակարդակով չեն լինում զիջումներ։ Տեղեկատվական բաղադրիչը չի կարելի աչքաթող անել, այն էլ՝ այս խրթին իրավիճակում, երբ թշնամին անընդհատ զիջումներ է պարտադրում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում