կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 16:05
Քաղաքական

Գալուստ Սահակյանն ու Լևոն Զուրաբյանը միմյանց մեղադրեցին ձախողման ու խախտումների մեջ

Գալուստ Սահակյանն ու Լևոն Զուրաբյանը միմյանց մեղադրեցին ձախողման ու խախտումների մեջ

ՀՀԿ-ի կողմից հարկադիր վերցված ընդմիջումից հետո ԱԺ նիստում այլևս քվեարկության չդրվեց կառավարության` ԱԺ քվեարկությանը ներկայացրած երկու որոշումներից երկրորդը:

 

Նշենք, որ կառավարության ներկայացրած երկու որոշումներից առաջինը քվեարկությամբ անցել էր, որը նախատեսում էր մի շարք օրենքների` երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ քննարկումից հետո 24 ժամվա ընթացքում:

 

Սակայն քառյակն ու ՕԵԿ-ը, տեսնելով որ կա հնարավորություն տապալելու երկրորդ որոշման քվեարկությունը, օգտվեցին այդ հնարավորությունից, և երկրորդ որոշման քվեարկությունը տապալվեց: ՀՀԿ-ի կողմից վերցված 20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահն այլևս քվեարկության չդրեց կառավարության երկրորդ որոշումը, և ԱԺ-ն անցավ առաջին քվեարկությամբ անցած որոշման հարցերի քննարկմանը:

 

Նշենք, որ կառավարության երկրորդ որոշմամբ առաջարկվում էր մի շարք օրենքների նախագծերի երրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահը թույլ է տվել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում:

 

«20 րոպե ընդմիջումից հետո Դուք պարտավոր էիք կազմակերպել ընդհատված հարցի քվեարկությունը, Դուք դա կոպտորեն խախտեցիք, և ես պահանջում եմ եմ կազմակերպել այդ հարցի քվեարկությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Դուք փորձում եք խափանել ԱԺ բնականոն աշխատանքը, առավել ևս` այն օրենքը, որը հավանության էր արժանացել և ենթադրում էր հարկային բեռի թեթևացում, դուք գնացիք ձախողման»: