կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 10:21
Առանց Կատեգորիա

Նոր "մուրճ ու մանգաղի" արանքում

Նոր "մուրճ ու մանգաղի" արանքում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օրերս ասել էր, թե Սերժ Սարգսյանը դրական է արձագանքել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միություն ստեղծելու առաջարկությանը: Մինչդեռ Հայաստանի նախագահը նման որեւէ հայտարարություն պաշտոնապես չէր արել: Ավելին` Մոսկվայի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելիս նա ասել է, թե Հայաստանն այսօր դեռ պատրաստ չէ անգամ Միասնական մաքսային միության մաս դառնալ, որը եւ պուտինյան պրոյեկտի համաձայն՝ հանդիսանում է Եվրասիական միության հիմքը:

 

Միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի կեսերին հայտարարել էր, թե նման գաղափարը հեռանկարային է, այսինքն՝ արժանի է քննարկման առարկա դառնալ: Չնայած դրան, Արա Աբրահամյանը պնդում է, թե նման միության ստեղծմանը սրտատրոփ սպասում է Հայաստանի բնակչությունը: Ռուսաստանի հայերի միության նախագահն, իհարկե, կարող է ողջունել ցանկացած առաջարկություն. բայց միայն իր, առավելագույնը` իր ղեկավարած կազմակերպության անունից: Տվյալ դեպքում նա իրեն իրավունք է վերապահում հասարակական կազմակերպության (այն էլ օտար երկրում գործող) ղեկավարի իրավասություններից դուրս դատողություններ անել Հայաստանի նախագահի եւ քաղաքացիների անունից:

 

Եթե սա միայն Աբրահամյանի նախաձեռնությունն էր, այն ոչ միայն ամբիցիոզ, այլև խիստ վիրավորական կարելի է համարել: Ստացվում է, որեւէ մեկը կարող է հանգիստ մի ողջ պետության անունից որոշել, թե վերջինս ինչպիսի արտաքին քաղաքական վեկտորներ է ունենալու, ում հետ և ինչպես է դաշնակցելու և այլն: Առավել եւս, որ Աբրահամյանը որպես ելակետ է ընդունում ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումները եւ դրա շրջանակներում ռուսահայության շահերը: Եվրասիական միության ստեղծումն առայժմ զուտ գաղափար է, որը առաջ է քաշվել ոչ թե որպես Ռուասաստանի պաշտոնական նախաձեռնություն, այլ ընդամենը որպես այդ երկրի ապագա նախագահի հնարավոր նախաձեռնություն:

 

Նման առաջարկությանը պաշտոնական արձագանքը կարող է «չբոբիկացած ջուրը մտնողի» տպավորություն թողնել` անլուրջ վիճակի մեջ դնելով Հայաստանի իշխանություններին: Մաքսային միության մեջ մտած Բելառուսը կամ Ղազախստանը կարող են հայտնել իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Սակայն Երեւանի դեպքում, որն անգամ մաքսային միությանը միանալն է վաղաժամ համարում, նման շտապողականությունն ուղղակի հասկանալի չի լինի: Բայց Ռուսաստանում ամենաճանաչված ու քաղաքականացված հայկական կազմակերպության միջոցով այդ գաղափարին աջակցումը կարող է մեսիջ լինել` ուղղված մի կողմից ընդհանուր առմամբ Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ անձամբ Վլադիմիր Պուտինին:

 

Չի կարելի բացառել, որ այսպիսով Հայաստանը փորձում է ամրապնդել դեպի ՌԴ ապագա նախագահի վստահությունը տանող կամուրջը, ինչը գործող իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի համար պտուղներ կարող է տալ 2013թ. նախագահական ընտրություններում: Բացի դրանից, Հայաստանի իշխանությունն այսօր գործնականում չունի որևէ քաղաքական ռեսուրս ` դիմակայելու Ռուսաստանի նոր` «նեոԽՍՀՄ»-ի նման կայսերապաշտական նախաձեռնություններին:

 

Կրեմլից տնտեսական ու քաղաքական կատարելապես կախյալ վիճակը Հայաստանի իշխանությանը գործնականում զրկում է ռուսական արջի թաթերից դուրս պրծնելու որևէ հնարավորությունից: Բայց եթե իսկապես պաշտոնական Երևանը ողջունում է Եվրասիական միության ձևավորումը, ապա հասունանում է հայկական արտաքին փոխլրացման քաղաքականության ամենաբեկումնային պահը: Խնդիրն այն է, որ 2009-ից Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մաս է կազմում և ընտրել է եվրաինտեգրման «անշեղ» ճանապարհը:

 

Սեպտեմբերի վերջին, «Իզվեստիա» թերթում Ռուսաստանի կատարյալ գերիշխանության ներքո ԽՍՀՄ-ի օրինակով Եվրասիական միություն ստեղծելու առաջարկության հնչեցումից բառացիորեն 3 օր առաջ, Վարշավայում տեղի ունենած ԵՄ Արևելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովում Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Մենք վճռական ենք հետևողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»:

 

Եվ հիմա Հայաստանը ստիպված է լինելու պատասխանել, թե ինչպե՞ս կարող է միաժամանակ խաղալ երկու, միմյանց հակադիր լարերի վրա: Ինչպե՞ս կարող է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, Ազատ առևտրի գոտի մտնելու, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի թեթևացման պահանջներ ներկայացնել` մտածելով պետականության ինքնիշխանությանն սպառնացող եւ ԵՄ-ին հակակշռի դեր կատարելուն ուղղված որեւէ նախաձեռնության մաս կազմելու նպատակահարմարության մասին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ