կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-24 13:58
Հասարակություն

Փետրվարին կիմանանք` քանի մարդ կա

Փետրվարին կիմանանք` քանի մարդ կա

Մարդահամարի նախնական տվյալները կհրապարկվեն մյուս տարվա փետրվարի կեսերին, իսկ վերջնական արդյունքները` էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներով, լայնամասշտաբ կհրապարակվեն 2013-ին:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ հոկտեմբերի 12-21-ը տեւած մարդահամարի բուն հաշվառման գործառույթը կազմակերպվել է  ժամանակավոր աշխատողների կողմից:

 

12 հազար հաշվարարներ պետք է այցելեին տնային տնտեսություններ: Յուրաքանչյուր 5 հաշվարարի աշխատանքը վերահսկելու համար աշխատել է մեկ հրահանգիչ-հսկիչ: Իսկ հրահանգիչների աշխատանքները վերահսկում էին մարդահամարի տեղամասերում:

 

Հոկտեմբերի 21-ից հետո սկսվել են վերահսկման աշխատանքները. սրա նպատակը հաշվառման ընթացքում բացթողումները լրացնելն է եւ հաշվառման ամբողջականությունն ապահովելը:

 

Մինչեւ ամսի 26-ը կատարվելու է վերահսկիչ ընտրանքային շրջագայություն: «Հաշվարարները հրահանգիչների հետ միասին գնալու են նախապես ընտրված  բնակելի միավորներ եւ ստուգեն` ամբողջությամբ կատարվե՞լ է հաշվառումը, կա՞ն կրկնահաշվարկներ, եւ այցելեն նաեւ այն բնակելի տները, որտեղ եղել են, բայց հնարավոր չի եղել որեւէ մեկին հանդիպել»,- ասաց Կ. Կույումջյանը:

 

Հոկտեմբերի 26-ից հետո հայտարարություն կլինի, համաձայն որի` բոլոր այն բնակիչները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հաշվառվել, անպայման դիմեն համապատասխան վարչական շրջաններ եւ հաշվառվեն:

 

Այնուհետեւ հավաքված բոլոր տվյալները մեկտեղվելու են ՎԾ մարդահամարի վարչությունում, որտեղ տվյալները մուտքագրվելու են բազա եւ սկսվելու է հետազոտական աշխատանքը:

 

Թե քանի մարդու վերաբերյալ են տվյալներ հավաքվել, կհայտարարվի 2012-ի փետրվարին, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերի ընթացքում ավելի ամփոփ տվյալներ կհրապարակվեն:

 

Հանդիպման վերջում բաժնի պետ Կարինե Կույումջյանը շնորհակալություն հայտնեց այն լրագրողներին, ովքեր ահազանգում էին մարդահամարի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, եւ ավելացրեց, որ ովքեր գիտեն խախտման դեպքեր, անպայման իրենց տրամադրեն կոնկրետ հասցեներ: