Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 22-ին Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանը ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի` «Հուլիոս Կեսար» ողբերգական ներկայացումը: Գլխավոր դերերում էին Գրիգոր Գաբրիելյանը, Արթուր Ութմազյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Գոհար Իգիթյանը:
Ներկայացումը բաղկացած է երկու գործողությունից. առաջին մասի ավարտին Կեսարին սպանած ու սեփական քաջագործությամբ հիացած մարդկանց խումբը` Բրուտոսի գլխավորությամբ, տոնում են արդարության վերականգնումը, իսկ երկրորդ գործողության մեջ Կեսարի ուրվականն է «գլխավոր դերում», ով հետևում է իրադարձությունների ընթացքին:
Հանդիսատես Խաչատրյան Հերմինեն, նշեց, որ չկան մեծ բեմեր, կան մեծ դերասաններ: «Ներկայացումը հագեցած էր, դերասանական կազմը` լավ ընտրված, բեմադրված էր ուղղակի արտակարգ: Ինձ հատկապես դուր եկավ Գրիգոր Գաբրիելյանի խաղը, ով, մյուս դերասաններից տարիքով բավական փոքր լինելով հանդերձ, շատ համոզիչ էր խաղում»,- պարզաբանեց նա:
Իսկ ահա Անահիտ Գալստյանը կարևորում է թատրոնի` մարդաշատ լինելը, քանի որ դերասանի համար լեփ-լեցուն դահլիճում խաղալը մեծ հաղթանակ է, ինչպես այս դեպքում: «Ողջունելի է, որ այսօր հայ ժողովուրդը սկսել է գիտակցել, որ իրենց հոգեւոր սնունդ տվողը մեր հեռուստատեսությամբ հեռարձակվող դատարկ սերիալները չեն, այլ թատրոնը, որի միջոցով մարդը կրթվում է, դաստիարակվում և, ամենակարևորը, գեղագիտական հաճույք ստանում»,- ասաց նա:
Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանն էլ վստահաբար նշեց, որ դժվար թե գտնվի մեկը, ով այսօրվա ներկայացման մասին որևէ վատ բան կասի: Նրա խոսքերով` բեմադրությունն իրեն այնքան էր կլանել, որ մի պահ իր մոտ այնպիսի տպավորություն է եղել, թե հայտնվել է այդ ժամանակաշրջանում: