Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի թատերական ինստիտուտն ավարտել է հինգ դերասանական կուրս, յուրաքանչյուրում՝ 17-20 շրջանավարտ, բայց ընդունվել է ընդամնեը երկու կուրս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետություն և ռեժիսուրա ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:
«Ընդունել ենք հիմնականում բոլոր նրանց, ովքեր կարող էին գոնե բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում, փակում էինք մենք ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ գործողություն է կատարվում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ բուհ սկսում են գալ մարդիկ, ովքեր պահանջված չեն, և դրա համար համաձայն են եղած պայմաններին:
Խոսելով 2017-2018թ. ուս․տարվա ընդունելության քննությունների արդյունքում բուհերում ի հայտ եկած 60 տոկոս թափուր տեղերի մասին, Բաբայանն ասաց. «Բուհերի հիմնական ֆինանսավորումը գալիս է ուսանողների հաշվին: Դա իրականում իջեցնում է ուսման մակարդակը, որովհետև բուհն իր առջև դնում է ամենակարևոր խնդիրը՝ փող ունենալ, ինչը նշանակում է՝ անկախ ստացած և ցուցաբերած գիտելիքների՝ ամեն ձևով պահել: Հիմա եկանք ավելի վատ վիճակի, ընդունվել են համապատասխան բոլորը, ովքեր դիմել են»»:
Բաբայանի խոսքով՝ արդյունքում ոչ միայն կկրճատվի բուհերի դասախոսական, այլև ադմինիստրատիվ կազմը, քանի որ բոլոր բուհերն էլ շատ մեծ ադմինիստրատիվ կազմ ունեն:
Ըստ նրա՝ Հայաստանում որևէ ոլորտում ընդհանրապես չի անցկացվում մարկետինգ, իրականում գործում է պլանային տնտեսություն: «Քեզ պարզապես վերևից իջեցնում են պլաններ, այսքան գումար պետք է վաստակեք: Երբ հարցնում ես հիմնավորումը ո՞րն է, հիմնավորում չկա, մենք այդպես ենք որոշել»,- նշեց նա, ցավով փաստելով, որ ցածր վարձատրության պատճառով շատ դերասաններ ու դասախոսներ են հեռանում երկրից:
Նա հայտնեց, որ Հայաստանից գնացել է նաև մանկավարժ, ռեժիսոր Զարուհի Անտոնյանը: «Մարդը պահանջված է աշխարհում: Գերմանիայում կամ այլ երկրում են հրավիրում բեմադրություն անելու, պետք է մտածել ինչպես այդ կադրերին պահել»,-ասաց նա: Բաբայանի խոսքով՝ կրթության որակը ազգային արժեքի հարց է, և կրթությունը պետք է դառնա երկրի կարևորագույն խնդիրներից մեկը: