կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-19 16:41
Մշակույթ

Դերասաններ կա՞ն` վերջ, կարելի է սկսել ֆիլմ նկարել

Դերասաններ կա՞ն` վերջ, կարելի է սկսել ֆիլմ նկարել

Կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանը կինոաշխարհում նոր-նոր իր առաջին քայլերն է անում: Սակայն Վիկտորյայի «Հոգաբարձուներ» կարճամետրաժ ֆիլմն արդեն հասցրել է մասնակցել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին: Վիկտորյան այժմ կինոգիտություն է սովորում Նյու Յորքի Քոլամբիա համալսարանում և ցանկություն ունի տեղում կայանալու, իսկ հետո իր փորձով Հայաստանում, կիսվելու: Yerkir.am-ի զրուցակիցն է Վիկտորյա Ալեքսանյանը:

 

-Հետևո՞ւմ ես Հայաստանի կինոարտադրությանը. ի՞նչ «օրի» ենք:

-Հայաստանն իր ամբողջ բնությամբ ու գեղեցկությամբ մեծ պոտենցիալ ունի կինո նկարելու համար: Ողջունելի է, որ սկսել են արդեն կարճամետրաժ, անկախ ֆիլմեր նկարել` փոքր բյուջեով. հենց այսպես էլ սկսվում է ամեն ինչ: Հայաստանում նոր ալիք կարող է սկսվել, որին ես անհամբեր սպասում եմ, որ ես էլ գամ ու մասնակցեմ: Այն կարծես սկսել է իր սաղմերը տալ: Հիմա դրսում էլ փոքր բյուջեով են ֆիլմերի մեծ մասը նկարահանվում, ինքս էլ պատրաստվում եմ առաջին լիամետրաժ ֆիլմս հենց այդկերպ նկարահանել: Մեզ խանգարում է այն, որ մենք չունենք զարգացած կինոարտադրություն, կինոթատրոններ, չկան մասնագետներ, որպեսզի միջազգային մակարդակին համապատասխանող ֆիլմեր նկարահանենք:

 

-Դրսում այս ընթացքում տեղում աշխատելու հրավերներ ստացած կլինես. վերադառնալու և այստեղ ինչ-որ բան սկսելու նպատակներ կա՞ն:

-Նախ պետք է առիթն օգտագործեմ և աշխատեմ այնտեղ, որովհետև դրսում ստացած փորձը բոլորովին էլ կապ չունի հայրենասիրության և հայրենիք վերադառնալու հետ: Ինչպե՞ս կարող ես առիթը չօգտագործել, երբ դու այն կենտրոնում ես, որտեղ ամբողջ կինոն է ստեղծվում: Հարցն այնքան էլ արտասահմանում մնալ-չմնալը չէ, որքան պրոֆեսիոնալ դառնալը, մասնագիտորեն կայանալը: Ուզում եմ օգտագործել հնարավորությունը` աշխատել, կայանալ, իսկ հետո նոր միայն վերադառնալ ու այդ փորձը Հայաստանում կիրառել:

 

-Երիտասարդների, սկսնակ ռեժիսորների համար կայանալու ի՞նչ հնարավորություններ, առավելություններ կան դրսում:

-Որքան էլ որ զարմանալի հնչի` Հայաստանում ռեժիսորները շատ ավելի հնարավորություններ ունեն ինչ-որ բան սկսելու, քան` այնտեղի /նկատի ունեմ` Նյու Յորքն ու Հոլիվուդը/: Այնտեղ շատ են ռեժիսորներն ու սցենարիստները, ֆիլմարտադրությամբ զբաղվողներն այնքան շատ են, որ դժվար է այդ շուկա մուտք գործել: ԱՄՆ-ն վերջին շրջանում ավելի շատ կոմերցիոն ֆիլմերի կողմնակից է դարձել, և անկախ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է լինում: Հայաստանում մեծ են հնարավորությունները` ինչ-որ ֆոնդեր կան, որոնք ֆինանսավորել երիտասարդ ռեժիսորներին, ուղղակի նրանք պետք է հավատան, որ իրենց կինոն ոչ պակաս հաջողություն կարող է ունենալ, բայց չպետք է սահմանափակվեն միայն հայկականով ու այն մտքով, թե մենք ամենալավն ենք: Պետք է անընդհատ դուրս նայել, ուսումնասիրել նաև դրսի շուկան:

 

-Հայաստանում կինոարտադրության ոլորտում ինչո՞ւ է սայլը տեղից մի կերպ շարժվում:

-Դե, սկսենք ֆինանսական խնդիրներից` դերասանին, նկարահանող խմբին ֆինանսավորել է պետք, սակայն, մյուս կողմից, ֆինանսը բավականաչափ չէ լավ ֆիլմ ստանալու համար, բայց կարևոր պայման է: Եվ հետո` տեխնիկան շատ թանկ է, մասնագետները քիչ են… Կինոն միայն դերասաններով չի սահմանափակվում` դերասանները պետք է կինոհրապարակ դուրս գան ամենավերջում, երբ ամեն ինչ կա, իսկ Հայաստանում միանգամից ու շատ արագ են նկարում, դերասաններ կա՞ն` վերջ, կարելի է սկսել ֆիլմ նկարել:

 

Կարինե Հարությունյան