Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում մինչև ժամը 17:00-ն ընթանալու է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Իսկ մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ թեկնածու Գոռ Հովհաննիսյանի առաջադրմանը`տեղեկացնելով, որ նրա թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում խնդիրներ են եղել. ներկայացված փաստաթղթերի զգալի մասը եղել է գերմաներենով, ոչ լիարժեք, ինչպես նաև պաշտոնի համար չի բավարարում թեկնածուի աշխատանքային ստաժը։
«Հիմա հարցնում եք՝ եթե չի բավարարել փաստաթղթերի պահանջը, ինչո՞ւ եք գրանցել թեկնածուին: Որովհետև կարելի էր կառչել օրենքի տառից ու խանգարել պետական մարմնին՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահին, իրականացնել իրեն վերապահված լիազորությունները։ Արդյո՞ք ճիշտ մոտեցում է: Ոչ։ Օրենքի տառը երբեք չպետք է գերակա լինի օրենքի ոգուն»,- ասաց Միրզոյանը`տեղեկացնելով, որ ինքը գրավոր դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով շտկել փաստաթղթերում առկա` լեզվի հետ կապված խնդիրը և ապացույցների մասը։
Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ խնդիրների մասին դիտարկումները կներկայացնեն թեկնածուին: Թեկնածուն կենսագրական նոր տվյալներ է տրամադրել ԱԺ-ին:
«Այս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո նոր հարցեր են առաջացել։ Այս շփոթը վերացնել չի ստացվել, այս շփոթը առկա է, և թեկնածուն, ցավոք, չի վերացրել դրանք։ Թեկնածությունը ներկայացված է ձեր դատին։ Սա ոչ միայն քաղաքական որոշման հարց է, ոչ միայն մասնագիտական, այլ նաև շատ հստակ` Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ ունեցած հարգանքի։ Շատ կան շատ լավ թեկնածուներ, որոնք այս կամ այն առումով մի քիչ չեն համապատասխանում: Հիմա մենք պետք է ամեն անգամ ոտնահարե՞նք այս հարցերը, անտեսե՞նք դրանք։ Գաղտնի քվեարկություն է լինելու, յուրաքանչյուրն իր դիրքորոշումը կարող է հայտնել քվեարկությամբ»,- եզրափակեց ԱԺ նախագահը: