կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 10:55
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել ՀԷՑ-ի դեմ

ԱՌԱՎՈՏ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել ՀԷՑ-ի դեմ

Երեկ ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատակիցները խուզարկություններ են սկսել ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում, որի ընթացքում առգրավվել են կարեւոր փաստաթղթեր: Այս մասին news.am-ին տեղեկացրել են ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից: Խուզարկությունը սկսվել է հարկային ստուգման արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակում:

 

ՊԵԿ-ը համոզված է, որ ՀԷՑ-ը պետական բյուջե չի վճարել շահութահարկի, եկամտահարկի, ավելացրած արժեքի հարկի եւ պարտադիր սոցվճարների մի մասը: Ամբողջական գումարը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ:

 

ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկությունների կապակցությամբ ՀԷՑ-ը բողոք է ներկայացրել ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով:

 

«Լինելով խոշորագույն հարկ վճարող, աշխատատեղեր ապահովող եւ արտասահմանյան ներդրումներ կատարող ընկերություններից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ակնկալում է, որ քննության ընթացքում կպահպանվեն ընթացակարգային բոլոր նորմերը եւ իրավիճակին օբյեկտիվ լուծում կտրվի: Ընկերությունը իր առաջնահերթ խնդիրներից է համարում բաց եւ թափանցիկ գործունեության ծավալումը եւ երկար ժամանակ աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպեսեւ հաստատում է քննությանը ամեն կերպ աջակցելու իր պատրաստակամությունը: Հանրապետության սպառողների բնականոն էլեկտրաէներգիայի մատակարարման եւ Հայաստանի էներգահամակարգի ֆունկցիոնալությանը չարդարացված վնաս պատճառելը կանխելու համար, ՀԷՑ-ը կոչ է անում ՊԵԿ-ի քննության ընթացքում առավելագույն ուշադրություն դրսեւորել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ հաղորդագրության` խուզարկության ժամանակ առգրավվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք կարեւոր են ընկերության բնականոն աշխատանքի համար: Այս հանգամանքը կարող է բացասաբար ազդել ՀԷՑ-ի ձմեռային սեզոնի պատրաստությունների եւ սարքավորումների բնականոն աշխատանքի վրա: