կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 10:16
Առանց Կատեգորիա

Աշխարհին մոտիկ եւ հեռու Ռինդը

Աշխարհին մոտիկ եւ հեռու Ռինդը

Չիվայից հարեւան Ռինդ գյուղ հասնելու համար ստիպված տաքսի պատվիրեցինք, քանի որ գյուղը հիմնական մայրուղուց հեռու է 4 կմ: Առաջին կանգառը գյուղի խանութն է, եւ երբ վաճառողուհին լսեց մեր այցելության նպատակը, զարմացավ, իսկ հետո, հումորի տալով, ասաց. «Ախր քարտեզի վրա էլ չկա էս անտեր տեղը»:

 

Խանութի տաղավարում վաճառքի հանված ապրանքների գինը, միասին վերցրած, չի անցնի 40-45 հազար դրամը, սակայն խանութի տերը նույնպես դժգոհում է, որ իր մոտ էլ պարտքացուցակներ կան. «Այո պարտքացուցակ կա: Եթե մի գյուղի 90 տոկոսը պարտքով է առնում, ինչ լավ բանի մասին կարող եմ խոսել: Էստեղից-էնտեղից պարտք ենք անում, վարկ ենք վերցնում, որ բերենք ապրանք լցնենք: Էն էլ բերում ենք ու պարտքով տալիս ենք գյուղացիներին, հետո էլ չենք կարողանում հավաքել պարտքերը: Գյուղացին էլ փող չունի, մեղք դնելու էլ չի»:

 

1726 բնակիչ ունեցող Ռինդում (գյուղում իրականում ապրում է 1570 մարդ.- հեղ.) հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, անասնապահությամբ եւ այգեգործությամբ: «Ինչպես ամեն մի գյուղ, այնպես էլ մեր գյուղն ունի իր խնդիրները, չնայած դրացից շատերն էլ արդեն լուծված են, օրինակ` ոռոգման եւ խմելու ջրի հարցերը»,- ասում է գյուղապետ Հուսիկ Սահակյանը` հավելելով, որ այս տարի կառուցվել է նոր ջրագիծ, ինչը հույս է տալիս, որ հնարավորություն կլինի մշակել վարելահողերի նոր տարածքներ եւ հիմնել նոր այգիներ: «Այս պահի դրությամբ ընդհանուր վարելահողերի 85-90 տոկոսն անջրդի է: Ցանում ենք հացահատիկային կուլտուրաներ` 1 հեկտարից 9-10-ը ցենտներ բերքատվությամբ»,- ասաց գյուղապետը:

 

Գյուղը հայտնի է իր դեղձենիներով, որոնց այգիների տարածքը 18 հա է: Այս տարի գյուղում լավ բերք է տվել «Արենի» տեսակի խաղողը, որի այգիները հիմնականում գյուղացիների տնամերձերում են. այս տեսակի խաղողի այգիները 15 հա են: «Խաղողի մթերումն այս տարի լավ կազմակերպվեց, եւ տեղում գյուղացիներն իրենց խաղողը հանձնեցին՝ կգը 220 դրամով»,- ասում է գյուղապետի տեղակալ Համազասպ Սիմոնյանը:

 

Գյուղացիները հայտնեցին, որ ով 500 կգ կամ 1 տոննա խաղող է ունեցել, հանձնել է 220 դրամով, բայց 110 հազար կամ 220 հազար դրամով ինչպես կարող ես մի ամբողջ տարի ապրել ընտանիքով: «Ինքս այս տարի 5000 մետր այգուց 3 տոննա դեղձ հավաքեցի, բայց չկարողացա իրացնել: Երկու խոզ ունեի, ստիպված լցեցի դեմները, կերան: Եթե ընդունող լինի, բոլորն էլ կմշակեն, բայց ինչ է ստացվում՝ ով աշխատում է, արհամարհված է, իսկ նա, ով չի աշխատում, համարվում է սոցիալապես անապահով, եւ պետությունը նրան գումար է տալիս»,- ասում էր ռինդեցի Հովհաննեսը` հավելելով, որ իր արտադրածը Երեւան հասցնելու համար շատ գումար է պետք, իսկ այդ դեպքում իր եկամուտը պետք է տա միայն ճանապարհածախսին:

 

Գյուղապետ Սահակյանը նույնպես հաստատեց, որ շուկայի խնդիրը Ռինդի համար չլուծված հարցերից է, քանի որ գյուղը հիմնական մայրուղուց կտրված է. «Հիմնականում վերավաճառողներն են գալիս Ռինդ, իսկ եթե չեն գալիս, գյուղացին ստիպված վերցնում է իր արտադրանքն ու իջնում մայրուղու վրա նստում»:

 

Գյուղապետարանից ուրախությամբ հայտնեցին, որ 2010-ին ծնվել է 16 երեխա, բայց այս տարվա 10 ամիսներին՝ 8-ը: Գյուղում ամուսնություններ քիչ են գրանցվում, բայց այս շաբաթ սպասվում է, որ Ռինդում զուռնա-դհոլի ձայն կլսվի: Այնուամենայնիվ, գյուղապետարանում էլ են անհանգստանում, որ գյուղը գնալով ծերանում է, քանի որ այսօրվա բնակիչներից 217-ը (14 տոկոս) 63-96 տարեկան են: Գյուղում պատմում են, որ գրեթե յուրաքանչյուր տանից մեկ կամ երկու` արտագնա աշխատանքի մեկնածներ կան՝ ՌԴ կամ Երեւան: «Լքված տուն չունենք, քանի որ գյուղի 290 առանձնատներում բնակվում է 432 ընտանիք: Սակայն նշեմ, որ 10-15 տարի առաջ գյուղը մշտապես լքել է մոտ 30 ընտանիք»,- ասաց գյուղապետը:

 

Ըստ վիճակագրության` Ռինդում հաշվառված է 258 թոշակառու, իսկ 32 ընտանիք ընդգրկված է «Փարոս» համակարգում: Գյուղացիները պնդում են, որ ավելի լավ է չաշխատել ու սոված քնել, քան թե աշխատել ու երեկոյան ալարել հաց ուտել: «Կառավորությունը պիտի պարգեւատրի այն գյուղացիներին, ովքեր շատ անասուն են պահում, շատ հող մշակում, այլ ոչ թե չաշխատողներին: Մարդիկ կովերը մորթում են, ծախում, հետո էլ ներկայանում են որպես անապահովներ: Ստացվում է՝ նրանք են նպաստ ստանում, ովքեր պարապ նստած են պատերի տակ ու անիմաստ գումար են ստանում պետությունից»,- ասացին Ռինդում: «Էստեղ մնացել են շատ աղքատները եւ մի քանի հարուստ: Աշխատատեղ չկա, անիմաստ ապրելակերպ է: Աշխատում ենք, բերք ենք արտադրում եւ չենք կարում իրացնել ու ինչպես պետք է ապրել»,- ասում են գյուղամիջում կանգնած գյուղացիները:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Ռինդ-Երեւան

Լուսանկարը՝ հեղինակի