Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցել է գրեթե մեկ դար, սակայն Թուրքիայի Հանրապետությունը շարունակաբար վարկաբեկվում է Հայոց ցեղասպանությունը համառորեն մերժելու համար:
Հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտեց Թուրքիային՝ հայտարարելով, որ 96 տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի Անկարան հաշվի նստի իր կատարած ցեղասպանական արարքների հետ: Նա նաև սպառնաց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու օրենք ընդունել, եթե Թուրքիան մոտ ապագայում չճանաչի ցեղասպանությունը:
Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ողջամիտ խորհրդին հետևելու փոխարեն, Թուրքիայի ղեկավարները հակադարձեցին՝ հարձակվելով նրա վրա և նախատելով նրա երկիրը: Ահա թուրք ժխտողականների կողմից արված որոշ հայտարարություններ՝
Վարչապետ Էրդողան. «Սարկոզին լավ կանի ինքն իր խորհրդին հետևի: Նա տարբեր է Ֆրանսիայում, տարբեր է Հայաստանում և առավել տարբեր Թուրքիայում: Քաղաքական առաջնորդը չպետք է երկերեսանի լինի: Քաղաքականությունը ազնվություն է պահանջում: Դուք պետք է իմանաք, որ Թուրքիան այն փոքրիկ պատառը չէ, որ հեշտությամբ կարելի է կուլ տալ»:
Արտաքին գործերի նախարար Դավութօղլու. «Ֆրանսիան պետք է առերեսվի իր սեփական պատմության հետ: Ես նման ակնարկներն համարում եմ քաղաքական օպորտունիզմ»:
Թուրքիայի՝ Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բագիշ. «Եթե Սարկոզին պատմաբանի դեր ստանձնելու փոխարեն աշխատեր դուրս բերել իր երկիրը տնտեսական տագնապից, ավելի մեծ օգուտ կտար ինչպես Ֆրանսիային, այնպես էլ` Եվրոպային»:
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելի. «Ֆրանսիայի նախագահը «կոպիտ և վատ դաստիարակված» մարդ է: Մենք խորհուրդ ենք տալիս Սարկոզիին` եթե նա ցանկանում է տեսնել ցեղասպանության օրինակ, ապա պետք է ետ նայի իր պատմությանը: Նա հստակ կտեսնի Ալժիրում իրականացված բարբարոսությունները և կնկատի բացահայտ և թաքուն ջարդերը Հյուսիսային Աֆրիկայում»:
Թուրքիայի հարձակումները շարունակվեցին անցյալ շաբաթ Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև ցույցերով, որտեղ ցուցարարները բռնել էիր Ադոլֆ Հիտլերի բեղերով պատկերված Սարկոզի դիմանկարը և Ֆրանսիայի կողմից Ալժիրյան պատերազմում կատարված ենթադրյալ հանցագործությունների ուղղությամբ արված ամբաստանություններով ցուցապաստառները: Զարմանալիորեն, Թուրքիայի պաշտոնատարները սահմանափակվեցին նախագահ Սարկոզիի հայտարարությունների վերաբերյալ միայն մեղադրական բառեր հնչեցնելով:
Բացակայում էր արդեն սովորական դարձած Թուրքիայի դեսպանի հետկանչի և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու սպառնալիքները: Հաչան շունը կծան չի լինում: Ֆրանսիայի նախագահը հանգիստ ընդունեց թուրքական պոռթկումները: Փարիզ վերադառնալուն պես նա նամակ ուղարկեց նախագահ Սերժ Սարգսյանին` վերահաստատելով Հայաստանում իր կողմից արված հայտարարությունները. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնարարությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղած ձևով չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»:
Նախագահ Սարկոզին շարունակեց իր խոսքն՝ ասելով, որ «իմ պետական այցից նախ և առաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս»: Երբ Ֆրանսիայի նախագահը լսեց իր հայտարարությունների կապակցությամբ Թուրքիայի կատաղի արձագանքը, ասաց իր օգնականներին, որ ինքը չի զղջում. «Թուրքերը միշտ ատել են ինձ, դա խնդիր չէ»:
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի խորհրդարանականներից ոմանք վրդովվել էին՝ լսելով, որ վարչապետ Էրդողանը մեղադրել է նախագահ Սարկոզիին երկերեսանի լինելու մեջ: Նրանք Թուրքիայի ղեկավարի վիրավորական բառերը ընդունեցին հեգնական բացականչություններով Ֆրանսիայի խորհրդարանում: Նախկին դեսպան Օմեր Էնգին Լութեմը իր մտահոգությունը հայտնեց, որ եթե Ֆրանսիան արգելի Հայոց ցեղասպանության հերքումը, այլ եվրոպական երկրներ կհետևեն նրա օրինակին: Նա զգուշացրեց Թուրքիայի հանրությանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրադարձությունների նման զարգացումը կդառնա հայերի մեծ հաղթանակը:
Թուրքիայի՝ մարդու իրավունքների ոլորտում ակտիվիստ Մուրադ Բելգեն, բացասաբար ընդունեց իր երկրի ղեկավարների արձագանքը: Նա խիզախորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ «Մենք` թուրքերս, լավ մարդիկ ենք, մենք չենք սպանում կամ ցեղասպանություն չենք գործում»: Նման հայտարարությունները «զրպարտություն» են,- նշեց Բելգեն: Մեկ այլ ականավոր թուրք մտավորական և մեկնաբան Ահմեդ Ինսելը կշտամբեց վարչապետ Էրդողանին այն խոսքերի համար, որ Նախագահ Սարկոզին պետք է նայի Ֆրանսիայի գաղութատիրական անցյալին: Ինսելին հետաքրքրում է, թե արդյո՞ք Էրդողանն իսկապես կընդուներ Հայոց ցեղասպանության փաստը, եթե Ֆրանսիան ընդուներ իր սեփական պատմությունը:
Եվ ինչ կաներ Թուրքիան, եթե միևնույն առաջարկները հնչեին մի երկրի կողմից, ով չունի պատմության մութ էջեր: Ինսելը նկատեց, որ սա միևնույն վարչապետն է, ով հայտարարում էր, որ օսմանյան բոլոր արխիվները բաց են, այնինչ նրա կառավարությունը արգելում է այս փաստաթղթերի տեղադրումը ինտերնետային կայքում: Ինչպես իրանացի մի դիվանագետ վերջերս նշել էր. «Հայոց ցեղասպանությունը Դամոկլյան սուր է՝ կախված Թուրքիայի գլխին»: Վաղ թե ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապես կհասկանա, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը:
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր