Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի ութօրյա հանրահավաքների վերջին արարն այլ կերպ, քան հրաժեշտի երեկո չես անվանի: Մարդիկ ուրախ էին, շնորհավորում էին միմյանց, որ իրենց այս շուրջօրյայի շնորհիվ ի վերջո հաջողվել է մի բան` հաղթահարել սեփական վախը: Այս միտքն այնքան կարեւոր էր, որ կարմիր թելի նման անցնում էր ոչ միայն առաջնորդի, այլեւ առաջնորդիկների ելույթների միջով եւ դարձել էր օրվա լեյտմոտիվը:
Այո, մարդկային հասարակության զարգացման գրեթե բոլոր փուլերն սկսվել են վախի հաղթահարումից: Սա այն կարեւոր պահն է, որին հետեւում է մի ճայթուն, եւ մարդկային այս կամ այն ցեղախումբը սկսում է իր առավելություններն ի ցույց դնել եւ իշխել այլ ցեղախմբերին, որոնց բնակատեղիներում դեռեւս ոչ ճայթյունի ձայն է լսվել, ու ոչ էլ որեւէ մեկը մոտեցել է սեփական վախը հաղթահարելու եզրագծին: Ահավասիկ, ՀԱԿ-ն իր հրաժեշտի երեկոյին ըմբոշխնում էր այդ ճայթյունը: Հրապարակում ութ գիշեր թրծված հետեւորդներ ունի ՀԱԿ-ը, այն էլ ի՜նչ հետեւորդներ՝ սեփական վախը հաղթահարած:
Հեքիաթները լինում են երկու տեսակ` թափառող եւ տեղական` լոկալ մի տարածքում ծնված ու այլ ժողովուրդների չփոխանցված: Այս տիպի հեքիաթները հատկապես լավ են բնութագրում տվյալ լոկալ տարածքի բնակչության նիստուկացը, հագուկապը, սովորությունները եւ այլն: Տեղական հեքիաթները, զարմանալիորեն ավելի կենսունակ են, եթե, իհարկե, տվյալ տարածքի ժողովուրդը՝ հազարամյակների կտրվածքով միտված է հարատեւելու եւ չփոխվելու, որովհետեւ հենց չփոխվելն է նրա հարատեւելու գաղտնիքը: Շատ չերկարացնենք, այդ լոկալ տարածքը Հայաստանն է, նրա տեղական հեքիաթը` «Քաջ Նազարը»:
Որպեսզի մեր նախաբանի հետ կապը չխզվի, հիշեցնենք, թե ինչպես էր մեր Նազար ախպերը անտառում հաղթահարում սեփական վախը՝ բարձր-բարձր գոռգոռում էր, որ ավազակներն ու հարամիները վախենան: Եվ վախեցան: Բայց ի՞նչ տեղի ունեցավ Նազարի հետ: Այ սա արդեն քննարկման հարց է: Նազարը հաղթե՞ց սեփական վախը, թե՞ նրա ոտքերն ընկած ավազակները օգնեցին նրան: Բայց նույնիսկ դրանից հետո էլ Նազարի վախը չանցավ, չէ՞: Հսկա էր տեսնում` վախենում էր, վագր էր տեսնում` վախենում էր, նույնիսկ թագավոր էլ դարձյավ, բայց էլի վախենում էր: Ուստիանից էր հատկապես շատ վախենում: Ինչ որ է, տարիների պայքարում այդ վախը չանցավ ու չանցավ: Կծնվե՞ր արդյոք Քաջ Նազարի հեքիաթը մեկ այլ ժողովրդի զբաղեցրած տարածքում: Չնայած, եթե ծնվելու լիներ, վաղուց պետք է ծնված լիներ:
Քաջ Նազարը հայ ժողովրդի հարազատ զավակն է: Նազարը մեծ երազող է: Բայց, քանի որ իր հարազատ ժողովրդի ղեկավարների մեծ մասի նման միայն փիլիսոփա է, գործ անող եւ քարվան կտրող չի կարող դառնալ: Բախտի բերմամբ` թագավոր կդառնա, բայց Շահի քարվան կտրող` ոչ: Սա է հեքիաթի փիլիսոփայության մեխը: Դառնանք մեր նորօրյա նազարներին: Խնդրում եմ խոսքիս մեջ հեգնանք չփնտրել, ոչ էլ հատկապես չարություն: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Ի՞նչ եք կարծում` ե՞րբ կարելի է հայտարարել ինստիտուցիոնալ ընդդիմության կայացածության մասին: Սեփական վախը հաղթահարելուց առա՞ջ, թե՞ հետո: Նկատի ունեցեք, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որն ընկալվում է ամենաուժեղն իր կամակերպվածությամբ, եւ որի հետ հաշվի են նստում բոլորը:
ՀԱԿ-ը, իսկ ավելի ստույգ` Լեւոն Զուրաբյանը, դեռ մեկ տարի առաջ արդեն հայտարարում էր, որ ՀԱԿ-ի մեծագույն ձեռքբերումը ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալն է, եւ ժողովրդին կոչ էր անում աչքի լույսի պես պահել իրենց` այսինքն ՀԱԿ-ին: Ասում էր` սեւ գործը դուք պետք է անեք, իսկ ՀԱԿ-ը զբաղվի իշխանափոխության նախադրյալներ ստեղծելով, այսինքն` փիլիսոփայությամբ: Ի՞նչ վիճակում էր ինստիտուցիոնալ ընդդիմության համակարգողն այդ օրերին: Նա պատահաբար վախեցած վիճակում չէ՞ր եւ, մարտի 1-ը դրոշակ դարձրած ու ձայնը գլուխը գցած, հերոս չէ՞ր խաղում արդյոք: Եթե դեռ այն ժամանակ էր համակարգողը վախը հաղթահարել, ապա պարոնայք Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Շահնազարյանը եւ հենց ինքը` Լեւոն Զուրաբյանը, պետք է ընդունեն, որ վախը հաղթահարելու մասին աչքալուսանքը, որ հիմա են տալիս իրենց հետեւորդներին, ժամանակավրեպ է:
Մյուս կողմից էլ, հասկանալի է, եթե պնդեն, որ հենց ութօրյա հանրահավաքով հաղթեցին իրենց վախը, կստացվի, որ իրենք սարսափելի վախեցած էին իրենց ինստիտուցիոնալ օրերին: Սա արդեն լուրջ է, կարծում ենք, եւ Կոնգրեսը, եթե նույնիսկ տասնօրյա քննարկումներ էլ անցկացնի, նման քայլի չի գնա: Ինչևէ, հրաժեշտի երեկոն կարելի է հաջողված համարել: ՀԱԿ-ը գոհ է, որ վերջապես ջրբաժան տեղի ունեցավ, եւ ինքն ու իր հետեւորդները ջրբաժանվեցին վախից (Նիկոլի խոսքերն են), իսկ վրանային քաղաքն էլ գոհ է, որ վերջապես տուն է գնում` զուգարանից իր կարոտն առնելու: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս բարձր նոտայի պայմաններում սղղացնում է` մեր դրոշակի գիրը փոխվեց: Մենք այլեւս արտահերթ ընտրություններ չենք պահանջում: Գնում ենք տուն, որ հետո գանք ու նախագահի հրաժարականը պահանջենք: Եվ ամենակարեւորը` առաջնորդը դա անում է հաղթողի կեցվածքով:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ