|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Լրագրողներին ուղղված իր ուղերձում նա նշում է, որ 2009 թվականի մարտին առաջարկել է օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը և քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար, եւ դա բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձևի:
«Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց, մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ, ընդունվեց օրենք, որն էականորեն (գուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից: Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտահայտման համար լրագրողական համայնքում առկա քննադատությունն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարվել հետևյալներից.
- Խոսքի ազատությունը շատ կարևոր արժեք է, և նույնքան կարևոր է անձի (նույնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատվությունը և մասնավոր կյանքը:
- Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին և լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել և խոսքի ազատության, և անձի արժանապատվության իրավունքը:
- Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի և անարդար կիրառող դատավորը (այսուհետ՝ անօրեն դատավոր)»,- ուղերձում նշել է Կ. Անդրեասյանը:
ՄԻ պաշտպանի դիտարկմամբ` օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը և ՀՀ օրենսդրությունը, լավ դատավորին և ողջ դատական համակարգը, մեր իշխանության բոլոր թևերին ու պետությանը:
«Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի և մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է»,- գրում է Կ. Անդրեասյանը, ով կարծում է, որ խոսքի ազատության պաշտպանության համար անհրաժեշտ է հանրային վերահսկողություն օրենքի կիրառման և արդարադատության իրականացման նկատմամբ: