կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-25 15:08
Հասարակություն

Ալիկ Սարգսյանը դիմելու է դատարան ու Արարատի նախկին մարզպետից պատիվ է պահանջելու

Ալիկ Սարգսյանը դիմելու է դատարան ու Արարատի նախկին մարզպետից պատիվ է պահանջելու

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կդիմի դատարան և Արարատի նախկին մարզպետի Վարդգես Հովակիմյանից պատիվ կպահանջի: Այս մասին Սարգսյանն այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում:

Նա Արարատի նախկին մարզպետի մեղադրանքները շանտաժ և իր անձը վարկաբեկելու փորձ է համարում։  Պատգամավորը նշեց, որ տուրք չէր տա որևէ զրպարտության, սակայն  իրեն շորթման ենթարկել հնարավոր չէ:

Նրա խոսքով` այս պատմությունը սկսվել է 2011թ. նոյեմբերի 1-ից, երբ ինքն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից, և ամիսներ անց նշված անձը, պարբերաբար,նախ նամակի տեսքով մեղադրանքներ ու հերյուրանքներ է ուղղել իրեն, ապա ժամանակ առ ժամանակ շանտաժներով պահանջներ ներկայացրել, որ փոխհատուցի նրա կրած վնասները, որոնք եղել են իբր իր մեղքով: «Ինքը իրեն աշխատանքից հանելու համար ինձ է մեղադրում, իբրև ես եմ Սերժ Սարգսյանին ասել, որ մարզպետին աշխատանքից ազատի: Դուք ե՞րբ եք տեսել, որ ոստիկանապետի խոսքով մարզպետ հանեն, ինքը մտածում է` ես եմ»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ երբ ստացավ առաջին նամակը, լուրջ չվերաբերվեց դրան։ «Պատռեցի նամակը, որովհետև սա իր գործելաոճն է։ Կարծում եմ՝ ես առաջինը չեմ, որ նման իրավիճակում է հայտնվել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` նախկին մարզպետը մարդ է ուղարկել իր մոտ՝ հորդորելով իր փողերը վերադարձնել, այլապես կխնդրի Սերժ Սարգսյանին` պաշտոնից ազատել իրեն։ Սարգսյանը նաև նշեց, որ Վարդգես Հովակիմյանը մարզպետ նշանակվելուց հետո հասկացել է, որ չի կարող չարաշահումներ իրականացնել ու իր ծրագրերը կյանքի կոչել, դրա համար էլ սկսել է իր դեմ ուղղված գործողություններ իրականացնել։

Սարգսյանը տեղեկացրեց, որ վաղն առաջին անգամ այս գործի շրջանակներում քննչական կոմիտե է գնալու` ցուցմունք տալու, այսօր էլ քաղհայցով դիմելու է դատարան ու պատիվ է պահանջելու Հովակիմյանից` իր հասցեին անտեղի հերյուրանքներ հնչեցնելու համար: «Նա պետք է ներողություն խնդրի և հերքի տեղեկությունները: Եթե ֆինանսական տույժի էլ ենթարկեմ, միանգամից բարեգործությանն է ուղղվելու, բայց պատրաստվում եմ մեկ լումա պահանջել, քանի որ նրա զրպարտանքները մեկ լումայից ավելին չեն կարող լինել»,- ասաց նա և նաև ավելացրեց, որ ենթադրում է` նախկին մարզպետը հոգեկան խնդիրներ ունի:

Սարգսյանը տարօրինակ է համարեց արտաշատցիների լռությունն այս առնչությամբ: «Բազմիցս աջակցել եմ նրանց, ու բոլորը գիտեն` ես ով եմ, բայց այս պահին բոլորը լռում են ու չեն բարձրաձայնում, որ ես երբեք նման վարքագիծ չեմ դրսևորել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արարատի նախկին մարզպետը մամուլում նամակ էր հրապարակել՝ հայտարարելով, թե Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ աշխատած տարիներին աշխատանքի տեղավորելու համար կաշառք է պահանջել, և մարդիկ, որոնց համար միջնորդել է նախկին մարզպետը, մեծ գումար են տվել։ Նախկին մարզպետը ասել է նաև, որ մինչև աշխատանքի տեղավորման հրամանը կտար, Սարգսյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից, և պաշտոն ստանալու համար կաշառք ստացած անձինք չեն նշանակվել: Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը Քննչական կոմիտեին հաղորդում էր ներկայացրել նախկին պաշտոնյայի հանցագործության մասին: