կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 12:48
Հասարակություն

Գոշի դատաստանագրքում ասվում էր` եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինն իրավունք ունի դիմելու դատարան. փոխնախարար

Գոշի դատաստանագրքում ասվում էր` եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինն իրավունք ունի դիմելու դատարան. փոխնախարար

Տարօրինակ է լսել, որ այս օրենքը հանրային պահանջ չունի. այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախնական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Նրա խոսքով` հաճախ կարծիքներ են հնչում, որ մեր օրենսդրությամբ այս ոլորտի վերաբերյալ կարգավորումներ արդեն առաջարկված են, սակայն, ըստ նրա, առաջարկվող լուծումները չեն կարող ներառվել ո'չ քրեական, ո'չ էլ ընտանեկան օրենսգրքում:

«Օրինակ` նախագծում ապաստարանների վերաբերյալ դրույթ կա, որը կարգավորում է բռնության ենթարկված անձանց ապաստարանով ապահովելու հարցը: Այսօր պետական մարմինները ստիպված են դիմել ինչ-ինչ ՀԿ-ների, որպեսզի բռնությունից փրկված մարդիկ ինչ-որ մի տեղ ապաստան գտնեն: Մենք այս իրողությունը չենք կարող որպես նորմալ գնահատել, այս պարագայում պետությունը պետք է քայլեր ձեռնարկի»,- ասաց փոխնախարարը:

Վիգեն Քոչարյանի խոսքով` Հայաստանում ընտանեկան բռնության հարցով օրական երկու անգամ ոստիկանություն են դիմում, ընդհանուր սպանությունների թվի 17%-ը կապված է ընտանեկան բռնության հետ: «Գուցե որոշ մարդկանց համար սա մտահոգիչ չէ, բայց մենք համարում ենք, որ սա մտահոգիչ է: Հասարակության հիմնական բջիջը` ընտանիքը, պետք է լինի պետության հատուկ հոգածության ներքո»,- նշեց նա:

Ըստ Քոչարյանի` օրենքի նախագծում որևէ արտառոց և սենսացիոն իրավական կարգավորում առաջարկված չէ: «Նմանատիպ օրենքներ ունի աշխարհի 120 պետություն, մեր հարևան Վրաստանում նույնպես գործում է նմանօրինակ օրենք: Հեռու չգնանք` դեռևս դարեր առաջ մեր մեծերն անդրադարձել են այս իրավունքին: Օրինակ` Մխիթար Գոշի դատաստանագրքում հատուկ դրույթ կար, որն ասում էր` եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինն իրավունք ունի դիմելու դատարան, սա նույնն է, ինչ այս օրենքն է առաջարկում»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով` առաջարկվող նախագծում առկա դրույթներն ավելի մեղմ են, քան որոշ արևմտյան երկրներում է: «Օրինակ` արևմտյան երկրներում առաջարկում են քրեականացնել ընտանեկան բռնությունը, բայց մենք ասում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ քրեական պատասխանատվություն առաջարկել: Երկրներ կան, որտեղ ոստիկանը գալիս, ընտանեկան բռնարարին ձերբակալում, տանում է: Մեր օրենքում նման դրույթ չկա»,- ասաց նա: