կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 11:30
Քաղաքական

Քանի դեռ Ցեղասպանությունը կասկածի տակ է դրվում...

Քանի դեռ Ցեղասպանությունը կասկածի տակ է դրվում...

Հավաքական ժխտողականությունն ավելի լուրջ բան է, քան անհատական ժխտողականությունը, սակայն, բնականաբար, սա չի նշանակում, թե անհատական ժխտողականությունն ընդունելի է: Այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին` անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

 

Սարկոզին նշեց, թե եթե այնպիսի մեծ պետությունը, ինչպիսին Թուրքիան է, ընդուներ, որ իր պատմության մեջ եղել են մութ էջեր, այդ թվում` 20-րդ դարասկզբին կատարված Հայոց ցեղասպանությունը, ապա դա կընկալվեր որպես հաշտության ժեստ. «Տեւական հաշտություն չի կարող լինել, եթե կասկածի տակ են դրվում տառապանքները: Տեւական հաշտեցում չի կարող լինել, եթե պատմական փաստերը ժխտվում են»:

 

Սարկոզին նշեց նաեւ, որ եթե Թուրքիան ռեսուրսներ գտներ հաշտության այդ ժեստն անելու համար, ապա Ֆրանսիան կհամարեր, որ իր ներկայիս օրենսդրությունը բավարար է: Սակայն քանի դեռ Ցեղասպանությունը կասկածի տակ է դրվում, պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն` ժխտողականությունը քրեորեն պատժելի դարձնելու ուղղությամբ:

 

Ֆրանսիայի նախագահը նաեւ հավելեց, որ Ցեղասպանության ճանաչման եւ հաշտեցման քայլ կատարելու հարցում Ֆրանսիան վերջնաժամկետներ չի դնում, սակայն  1915-2011 թվականներն ընկած ժամանակահատվածը բավական էր մտածելու համար: Սարկոզին հույս հայտնեց, որ իր նախագահության օրոք Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը: