կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 11:39
Առանց Կատեգորիա

Չարդարացող հույսերի մղձավանջը

Չարդարացող հույսերի մղձավանջը

Այլեւս փաստ է, որ իշխանության հետ Կոնգրեսի քննարկելիք ամենալուրջ ու առարկայական խնդիրը Ազատության հրապարակի շրջակայքում արտաքնոցների վերաբացման հարցն է: Ընդ որում, այս հարցի վրա Կոնգրեսը հիմա շատ ավելի է կենտրոնանում, քան իշխանությանն իր իսկ ներկայացրած բոլոր 8 պահանջները, այդ թվում նաեւ արտահեթ ընտրությունների հարցը, միասին վերցրած:Եվ դա վկայում է, որ արտաքնոցային այս շարժումը որեւէ լուրջ արդյունք ուղղակի չի կարող ապահովել թե՛ Կոնգրեսի եւ թե՛ առավել եւս ժողովրդի համար:

 

Կոնգրեսը հայտնվել է մարտավարական չափազանց ծանր ու անհեթեթ դրության մեջ: Մի կողմից հնարավոր չի լինում Ազատության հրապարակ բերել շատ ավելի մեծ թվով զանգվածներ, քան ունեին սեպտեմբերի 30-ին: Եվ դա ցույց է տալիս, որ ի հեճուկս ողջ ժողովրդի անունից հանդես գալու բուռն ցանկության, վերջինս չի ուզում զուգարանապայքարի մաս դառնալ: Բայց մյուս կողմիցՙ Կոնգրեսը նաեւ նահանջելու տեղ չունի, որովհետեւ այդ դեպքում էլ կկորցնի նրանց, ովքեր դեռ հավատում են, որ վճռական գործողությունների ժամը հասունացել է, եւ որ իրենց առաջնորդը գիտի իր անելիքը: Այս հատվածներին հիասթափեցնելը, այն էլ ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ, հավասարազոր է ինքնասպանության:

 

Իշխանությունն էլ իր հերթին է խորացնում ՀԱԿ-ի ճահճացման պրոցեսը` հրաժարվելով հանրահավաքներին զուգահեռ, այսինքնՙ դրանց ազդեցության ներքո, շարունակել բանակցությունները: Եվ հիմա Կոնգրեսը հայտնվել է բարդ երկընտրանքի առաջ: Կամ պետք է հայտարարի, որ իշխանությունն իրենց սահմանած մեկշաբաթյա ժամկետում ներկայացված 8 պահանջները չի կատարում, հետեւաբար պետք է շարունակել շուրջօրյա հանրահավաքները, կամ Ազատության հրապարակում հավաքվածներին ինչ-որ հնարքով համոզի, որ ճիշտ տարբերակն այս պարագայում շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելն է: Բայց ներկայիս գործընթացը շարունակելու որոշումն այդքան հեշտ չի լինելու կայացնել այն պարզ պատճառով, որ դա պահանջում է որակապես նոր խնդրի, օրակարգի ձեւակերպում:

 

ՀԱԿ-ի ներկայիս հանրահավաքի անարդյունավետության գլխավոր պատճառը հենց գործողություններից զերծ լինելն է, իրական շարժման բացակայությունը: Մարդիկ աստիճանաբար սկսում են հարց տալ իրենց` ինչու են, ի վերջո, հավաքվել, եթե իրենց ոչ մի պահանջը չի կատարվելու, իսկ Կոնգրեսն էլ տեղից չի շարժվելու, մինչեւ ե՞րբ ու հանուն ինչի՞ սպասել: Եթե այս հարցերի պատասխաններն առաջիկայում չտրվեն, մի գեղեցիկ օր Ազատության հրապարակում կարող են միայն ՀԱԿ-ի ղեկավարները մնալ: Կոնգրեսը կարող է հայտնվել այն նույն վիճակում, ինչ մարտ ամսին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր նստացույց-հացադուլով:

 

Այս իմաստով Կոնգրեսին հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ են նոր գործոններ, իրավիճակներ, զարգացումներ, որոնք նրան ստիմուլ կարող են հաղորդել: Այդպիսիք կարող են լինել, օրինակ, ԲՀԿ-ի` կոալիցիայից անջատվելուն ուղղված քայլերը, Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն մտնելուն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը, ոստիկանության կողմից սադրանքների հրահրումն ու հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություններ իրականացնելը եւ այլն: Բայց այս ամենի մեջ ամենաինտրիգային պահն, իհարկե, կապված է ԲՀԿ-ի հետ: Այս կուսակցության նկատմամբ Տեր-Պետրոսյանի ուշադրությունը նոր չէ: Այն դրսեւորվել էր նաեւ տարվա սկզբներին, երբ լուրջ գործընթացներ էին տեղի ունենում կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու շուրջ: ԲՀԿ-ի եւ  Ծառուկյանի համեմատաբար ինքնուրույն գործունեությունը ՀԱԿ-ի մոտ դեռ վառ է պահել հույսերը, որ նրան գրավելով կհաջողի հասնել իշխանության քաղաքական եւ տնտեսական հենարանի քայքայմանը: Բայց հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանն ունի քաղաքականություն վերադառնալու բարոյական իրավունք, Գագիկ Ծառուկյանը սառը ջուր լցրեց ՀԱԿ-ի այդ սպասելիքների վրա եւ հասկացրեց, որ չի ընկնելու տերպետրոսյանական ծուղակը:

 

Եթե այս մոտեցումն արտահայտվում է քոչարյանական վերադարձի կոնտեքստում, ապա չի կարելի բացառել, որ երկկողմ խաղը կարող է վերածվել եռակողմի: ԲՀԿ-ն կարող է ձեւավորել քաղաքական երրորդ բեւեռը: Դա, անշուշտ, կմեծացնի մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ եւ համեմատաբար ավելի հավասար ստարտային պայմաններ կապահովի բոլորի համար: Ծառուկյանը պարզապես կարող է օգտվել ՀԱԿ-ՀՀԿ հակամարտությունից եւ փորձել հանդես գալ որպես այլընտրանքային ուժ: Ամեն դեպքում, եթե ԲՀԿ-ն բլեֆ չի անում, ապա սա քաղաքական ուժերի նոր վերադասավորումների է հանգեցնելու, ինչը ստիպելու է ՀԱԿ-ին փոխել «զուգարանային» պայքարի տրամաբանությունը եւ ՀՀԿ-ին` ԲՀԿ-ին չկորցնելու համար գնալ որոշակի զիջումների:

 

Գեւորգ Դարբինյան