կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 19:32
Առանց Կատեգորիա

Որքա՞ն է շարունակվելու ԵԽԽՎ մղձավանջը Հայաստանի համար

   Որքա՞ն է շարունակվելու ԵԽԽՎ մղձավանջը Հայաստանի համար

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը երկու օր առաջ ընդունեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»` միակողմանի և ուղղորդված զեկույցը, որով Հայաստանը ճանաչվում է Ադրբեջանի տարածքներն օկուպացրած երկիր, և որին կոչ է արվում անհապաղ հանել զորքերը Ադրբեջան1ի մաս ներկայացվող ԼՂ-ից:

Այն, որ զեկույցը միակողմանի է և հակասում է ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատի ներքո ԼՂ հարցի կարգավորման տրամաբանությանը, հաստատել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Թվիթերյան իր էջում այսօր նա գրառում է կատարել, որով ԵԽԽՎ-ին հորդորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ: Սա կարելի է ասել` առաջին լուրջ արձագանքն է ուոլթերյան խայտառակ զեկույցի և կարգավորման գործընթացի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ: Բայց որքան էլ կարևոր էր այդ ուղերձի հնչեցումը, թվում է` դա ԵԽԽՎ-ում Հայաստանի շուրջ հաստատված մթնոլորտի վրա արդեն որևէ ազդեցություն ունենալ չի կարող:

Հայ հասարակությունըդ դեռ չէր հասցրել մարսել այս զեկույցի ընդունումը, երբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի պաշտոնավարման մոտալուտ ավարտից հետո այդ պաշտոնը ամենայն հավանականությամբ զբաղեցնելու է բացահայտ ադրբեջանամետ և «խավիարային դիվանագիտության» հերթական պտուտակներից մեկը` իսպանացի Պեդրո Ագրամունդոն: Հիշեցնենք, որ վերջինս ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նշանակված Ադրբեջանի հարցով երկու համազեկուցողներից մեկն էր: Ամիսներ առաջ նրա  և մյուս համազեկուցողիկողմից ԵԽԽՎ ներկայացված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով զեկույցում գրված էր, թե Ադրբեջանում առկա ժողովրդավարության նահանջի հիմնական պատճառը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի մյուս շրջանները օկուպացված պահելն է: Այդ զեկույցը, որոշ փոփոխություններից հետո, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն ընդունեց: Ակնհայտ է, որ եթե Ագրամունդոն դառնա ԵԽԽՎ նախագահ, հայկական մղձավանջը ԵԽ-ում կարող է առնվազն շարունակվելու է:

Կասկածի ենթակա չէ, որ ԵԽ-ին անդամակցությունը նպաստել է Հայաստանում որոշակի փոփոխությունների իրականացմանը: 2000-ականներին Հայաստանի նկատմամբ իրականացվող աչալուրջ մշտադիտարկումը, դրանց արդյունքում ընդունվող տարատեսակ բանաձևերը, որոնք Հայաստանի համար պարտադիր կատարման ենթակա հանձնառություններ էին սահմանում, մահակի դեր էին կատարում իշխանությունների համար` պարտադրելով թեկուզ առերևույթ, եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնել ժողովրդավարական որոշ ինստիտուտներ կամ մեխանիզմներ:

Այս շրջափուլը, սակայն, վաղուց անցել է: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը դարձել է եվրոպական երկիր, այլ որովհետև Եվրամիության հետ գործընկերության նոր պրոցես սկսելու, դեպի արևելք ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության համատեքստում ԵԽ-ն Հայաստանի համար այլևս որևէ քաղաքական գործառույթ չի կատարում:

Այդ կառույցից Հայաստանն ունի միայն երկու շոշափելի արդյունք: Մեկն ազգային օրենսդրությունը եվրոպական փորձաքննության ենթարկելու հնարավորությունն է, որը հիմնականում իրականացվում է Վենետիկի հանձնաժողովի միջոցով: Մյուսը և, թերևս, ամենակարևորը` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որը հայաստանյան դատական «մսաղացի» զոհ դարձած քաղաքացիների համար դարձել է արդարության վերականգնման միակ հույսը:

Մնացած բորոր առումներով այն ոչ միայն Հաաստանին ոչինչ չի տալիս, այլև ակնհայտորեն սկսել է վնասել` կառույցի հանիրավի քաղաքականացման պատճառով: Միջազգային քաղաքականության վրա որևէ ազդեցություն չուենալու պատճառով ԵԽԽՎ-ն երոպական պառլամենտականների համար դարձել է ընդամենը յուրօրինակ «ծերակույտ», Հայաստանի նման երկրների խորհդրարանականների համար` Ստրասբուրգում մի քանի օր անցկացնելու հնարավորություն: Եվ հենց այդ հանգամանքն է հիմնական պատճառը, որ եվրապատգամավորներն այդքան հեշտությամբ դառնում են ադրբեջանական լոբինգի ազդեցության գործակալները: Բայց դրա հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ իր իրավասություններից դուրս գալու և, մասնավորապես, ԼՂ հիմնահարցի կարգավորման միջնորդի դեր ստանձնելու հավակնություններով այս կառույցը Հայաստանի համար վերածվել է «բորբոքված կույր աղիքի»:

Դրա հիմքը հայաստանյան պատվիրակության և արտգործնախարարության գրեթե լիակատար անգործության պայմաններում դրվեց 2005թ., երբ ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանը բացահայտ օկուպանտ ճանաչող 1416 բանաձը: Դրանով ոչ միայն Հայաստանին կոչ էր արվում հանել զորքերը «գրավված» տարածքներից, այլև ԵԽԽՎ-ին այդ հարցով հանձնաժողով ձևավորելու, կարգավորման գործընթացին միջամտելու մանդատ էր տալիս, որը հիմա փորձում է օգտագործել Ադրբեջանը:

Եվ չնայած սա Հայաստանի համար վերածվում է լուրջ գլխացավանքի, լավագույնը ինչ իրեն թույլ է տալիս անել Հայաստանյան իշխանությունը, ողջ պատասխանատվությունը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության վրա բարդելն է: Որքան էլ տարօրինակ է, պաշտոնական Երևանը շարունակում է չնկատելու տալ Ստրասբուրգյան խայտառակ իրականությունը: Մինչդեռ թվում էր, թե այս ընթացքը կասեցնելու համար գոնե հիմա պետք է ձեռնարկվեին չափազանց կոշտ միջոցառումներ, ինչպես օրինակ, որպես դեմարշ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունների սառեցման հարց դնելը, պետական շահերի դեմ ուղղված պրոցեսների ժամանակ  ԵԽ-ի և ցանկացած այլ սուբյեկտի հետ նախապայմանների լեզվով խոսելուն անցնելը: Մի լեզու, որին Հայաստանի արտգործնախարարությունը, կարծես թե չի տիրապետում:  Մի լեզում, որ Ադրբեջանի համար դա դարձել է Եվրոպական կառույցների հետ հաղորոդակցվելու հիմանական ձևը: Բավական է միայն հիշել, թե ինչպես Իլհամ Ալիևը հրահանգեց դադարեցնել հարաբերությունները ԵՄ-ի, Արևելյան գործընկերության ծրագրի և «Եվրանեսթ»-ի հետ, երբ Եվրախորհդրարանը «համարձակվեց»  կոշտ բանաձև ընդունել Ադրբեջանի տոտալիտարացման վերաբերյալ, կամ` երբ Ալիևը քիչ էր մնում տապալեր Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության ընդունումը, երբ Բաքվում հասկացան, որ դրանում ԼՂ հարցի վերաբերյալ ընդամենը չեզոք ձևակերպումներ են արվել:

Այսինքն հույսը դնել նրա վրա, որ ուորլիքներն են քո փոխարեն բարձրացնելու խնդիրները, ուղղակի նշանակում է չունենալ դիմագիծ, ասելիք, առհասարակ` չունենալ արտաքին քաղաքականություն:

Գևորգ Աղաբաբյան