Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորել է մեր սփյուռքահայ հայրենակիցներին, այն կառույցներին, որ հետապնդում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
«Վերջապես հասանք նպատակին: Այստեղ նշանակություն ունի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, բայց քաղաքականությունն հենց այն է, որ դու քաղաքական ճիշտ պահին կարողանաս քո ճիշտ խնդիրը դնել: Այդ տեսակետից կրկնակի կարելի է շնորհավորել, որ իրենք ճիշտ պահին կարողացան այդ բանն անել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը ոչ միայն ազգային հիշողություն է, այլ պարտավորություն է նախորդ սերունդների նկատմամբ. «Այդ ճանաչումը մի քիչ ավելացնում է մեր անվտանգության մակարդակը, ճանաչելի է դարձնում աշխարհին, որը շատ կարևոր է բոլորիս համար»,-նշեց նա:
Այնուհետև Վազգեն Մանուկյանն անցավ ասուլիսի բուն թեմային՝ խոսելով իր անձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ոմանք ասել են, որ մինչև ապրիլի 4-ը իրեն չեն կարող հեռացնել ՀԽ նախագահի պաշտոնից.
«Ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, և նույն պահին ես դուրս կգամ: Հնարավոր է՝ մոտակա օրերին կազմակերպեմ մի հանդիպում, միասին քննարկենք՝ իմաստ ունի՞, թե՞ ոչ»,-ասաց նա:
Վ.Մանուկյանը նկատեց, որն ինքը ժամանակին համաձայնել է լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում կսկսվեն նոր բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ, և ինքը կարող է այդ գործում օգտակար լինել:
«Հիմա ես տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում: Ինչպես անհամապատասխանություն կա Հայաստանի և արտաքին աշխարհի դեպքում, նույնպիսի անհամապատասխանություն կա խոստումների ու հույսերի միջև, որոնք մեր ժողովուրդը կապում էր իշխանափոխության հետ»,- գնահատեց բանախոսը:
Այն հարց-դիտարկմանը, թե ինքը որպես Հանրային խորհրդի նախագահ պահպանո՞ւմ է քաղաքական չեզոքությունը, Վ.Մանուկյանն ասաց, թե իր բոլոր ելույթները քննադատության հետ պարունակում են նաև խորհուրդ:
«Երբ ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, և ես հասկանում եմ, որ դա հակասում է ընդհանուր մեր քաղաքականությանը և ինչպես կընկալվի աշխարհում, ես հոդված եմ գրում, բացատրում եմ՝ ինչպես է պետք անել: Ես գտնում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»,- նշեց ՀԽ նախագահը:
Վ.Մանուկյանը չհերքեց, որ վարչապետ Ն.Փաշինյանն իրեն առաջարկել է Արցախի կարգավորման հարցով քննարկում կազմակերպել, բայց այն տեսանկյունից, որ ամեն բան սկսվում է զրոյից:
«Ես ասացի, որ այդ հարցերի պատասխանները մեր ժողովուրդն արդեն տվել է՝ պատերազմին մասնակցելով, ընտրություններով: Հիմա մնում է լուծումների հարցը: Բայց մենք Հանրային խորհրդով լուծում առաջարկել չենք կարող: Կարող ենք քննարկել, քննարկումից վնաս չկա, բայց լուծում տալ չենք կարող: Լուծումը պետք է լինի բանակցությունների ժամանակ, վարչապետը պետք է գա ինչ-որ եզրակացության, որ սկսի խորհրդակցել՝ այդ լուծումը բավարա՞ր է մեր ժողովրդի համար, թե՞ ոչ»,- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: