Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի Մունդիալ-2018-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը: Մեր ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի ընտրանու հետ:
Քննադատությունների ալիքի տակ
Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ` մեր հավաքականը մարտ ամսին տարվա առաջին ընկերական խաղում 0:0 հաշվով ավարտեց տնային հանդիպումը Բելառուսի ընտրանու հետ: Մոտ 2 ամիս անց հետևեց տպավորիչ 2 հաղթանակ. ԱՄՆ-ում ընթացող հավաքի ժամանակ մեր ընտրանին 7:1 և 4:0 հաշիվներով հաղթեց, համապատասխանաբար, Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականներին: Որքան էլ ասենք, թե այս 2 մրցակիցները թույլ էին, և մենք պարզապես պարտավոր էինք հաղթել, այնուամենայնիվ, խոշոր հաշվով հաղթանակները կարծես ինչ-որ տեղ փակեցին շատերի բերանը, և բոլորը սկսեցին անհամբերությամբ և փոքր-ինչ հույսերով սպասել աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկին, սակայն 4 օր առաջ տեղի ունեցած ընկերական հանդիպումը Չեխիայի հետ, կարծես թե տվեց շատ հարցերի պատասխան: 0:3 հաշվով պարտություն ընկերական խաղում: Նման խաղ ցուցադրելուց հետո քննադատությունների մեծ ալիք սկսվեց երկրպագուների շրջանում: Այս հանդիպմանն ու մեր հավաքականի խաղին մենք արդեն անդրադարձել ենք:
Առանց առաջատարի
Չեխիայի հետ խաղում գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կատարած փորձարկումները թերևս ինչ-որ բաներ բացահայտեցին հենց իր` գլխավոր մարզչի համար, սակայն մեզ` երկրպագուների, լրագրողների համար ամեն ինչ ավելի պարզ դարձավ: Առանց խաղային ձեռագրի և մարտավարության հանդիպում, որը հիշեցրեց մեր հավաքականի պատմության ամենաանփառունակ ժամանակները: 90 րոպեների ընթացքում հետևելով մեր հավաքականի խաղին` կարող ենք ուրախանալ միայն Արաս Օզբիլիսի` տուգանայինից կատարած հարվածով և Մխիթարյանի անցումներով, որոնք մրցակիցները կասեցնում էին կանոնների խախտման գնով, ինչի հետեւանքով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանն այսօր բաց կթողնի հանդիպումը: Նայելով Չեխիայի հետ խաղում մեր թիմի գործողություններին և հաշվի առնելով այսօր Մխիթարյանի բացակայությունը` Դանիայի հետ խաղում մեղմ ասած նույնիսկ մեկ միավոր վաստակելու հույս չի մնում:
Վիճակագրություն
Դանիայի և Հայաստանի հավաքականներն այսօր կանցկացնեն 7-րդ հանդիպումը: Մինչ այս 4 անգամ հաղթել են դանիացիները, մեկ խաղ ավարտվել է 0:0 հաշվով, իսկ մյուս խաղում Հայաստանի ընտրանին հաղթել է 4:0 հաշով` Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում: Խփած և բաց թողած գոլերով նույնպես առավելությունը դանիացիների կողմն է: Հայաստանի ընտրանու հետ տեղի ունեցած 6 խաղերում Դանիայի հավաքականը խփել է 8 գնդակ` բաց թողնելով 6-ը:
Բուքմեյքերների կարծիքը
Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում տանտերերին` Դանիայի հավաքականին, որի հաղթանակի համար սահմանված է միջինը 1.3 գործակից, ոչ-ոքին ստացել է 5, իսկ Հայաստանի ընտրանու հաղթանակը 12 գործակից: