կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 12:10
Առանց Կատեգորիա

Հայաստանի "լողացող" տարածքները

Հայաստանի "լողացող" տարածքները

Սողանքները տարեկան մոտ 45-50 մլն դրամի վնաս են հասցնում Հայաստանին, որի տարածքի 4 տոկոսը ակտիվ սողանքային գոտի է համարվում:

 

Սողանքները մեր երկրում սկսել են ուսումնասիրել դեռեւս 1950-ականներին: Ըստ պաշտոնական հաշվարկների` ներկայումս Հայաստանի տարածքում 2 հա մեծության 2504 սողանք կա, որտեղ առկա է 233 համայնք, որից 120-ում իրավիճակն առավել բարդ է: Ամենաակտիվ սողանքների թիվը 131 է, որոնց համար արդեն իսկ կազմվել են համապատասխան անձնագրեր:

 

Հակառակ պաշտոնական տվյալների` երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ, ըստ իր կողմից հավաքագրված տվյալների, Հայաստանում սողանքների թիվը հասնում է 3500-ի: Սողանքագետների պնդմամբ` սողանքների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես մարդա-տեխնածին, այնպես էլ բնածին, այսինքն` լանջերի կտրատումը, գյուղնպատակներով ոռոգումները, անկանոն կառուցապատումները, ճանապարհային ծանրաբեռնվածությունը, որոնք կարող են խթանել սողանքների ակտիվացումը:

 

Մասնագետները նաեւ նշում են, որ եթե սողանքները քարտեզագրված են եւ հայտնաբերված, ապա այնտեղ չի կարելի կառուցապատել, անգամ չի թույլատրվում այդ տարածքներում անասուններ արածեցնել, որովհետեւ բուսականությունն այդ վայրերում պետք է պահպանվի: «Վերջին 20 տարիների ընթացքում հակասողանքային ոչինչ չի արվել, եւ առկա սողանքները քանի գնում՝ ակտիվանում են,- ասաց պրն Յադոյանը:- Ոչ մի գիտական, հետեւողական եւ կազմակերպչական գործ չի արվում: Սա է ամենավտանգավորը, որ այսօր անտարբերությունը, անտեղյակությունը եւ անբանությունը ամենուր է»:

 

Սողանքներով հայտնի են հատկապես Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերը, որտեղ կան բնակավայրեր, որոնց բնակելի ֆոնդերի 90 եւ ավելի տոկոսը սողանքային վտանգավոր գոտիներում են: Պետական բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվել սողանքային առավել ակտիվ գոտիների բնակիչների տեղահանման եւ բնակարանային խնդիրների լուծման համար: Մասնագետները մանրամասնում են, որ սողանքներ մեծ վնաս են հասցնում հատկապես գյուղական բնակավայրերին:

 

Խորհրդային միության տարիներին սողանքներին մեծ ուշադրություն են դարձրել, իսկ կառավարությունը գումարներ է տրամադրել դրանց դեմ պայքարին: Անկախությունից հետո մեր երկրում սողանքների դեմ պայքարի ծրագրեր են իրականացրել միայն միջազգային կազմակերպությունները: Հակասողանքային ամենամեծ ծրագիրն իրականացրել են ճապոնացիները, ովքեր ամենավտանգավոր 10 սողանքները քարտեզագրեցին, տիեզերական լուսանկարներով ստուգեցին բոլոր տվյալները եւ ներկայացրին ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս հնարավորության դեպքում առաջարկված միջոցառումներն իրականացնի:

 

Սողանքագետները նշում են, որ Հայաստանում սողանքները գրեթե հնարավոր չէ կանգնեցնել, դրա համար հսկայական գումարներ են հարկավոր, որը պետությունը չի կարող տրամադրել: Նմանատիպ կանգնեցումներ խորհրդային շրջանում իրականացվել են, դրանցից են, օրինակ, Դիլիջանի մոտակայքում գտնվող կինեմատոգրաֆիստների տան, կառավարական հանգստավայրի մոտ գտնվող եւ Կապանի թաղամասներից մեկին սպառնացող սողանքները:

 

Սողանքներն այն աղետների շարքն են դասվում, որոնք կարելի է ժամեր առաջ կանխատեսել, սակայն, վերջին սողանքի հետ կապված, կարծես, թերացում է գրանցվել, եւ այսօր ունենք այս վիճակը: Օրեր առաջ M6 միջպետական մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածում սողանքի ակտիվացման վրա ազդել է մի քանի գործոն: Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության, ճանապարհի այս հատվածում փլուզում տեղի էր ունեցել դեռեւս սեպտեմբերի 29-ի գիշերը, որը մասնագետները դիտարկել են որպես քարաթափում. մաքրել են ճանապարհը ու դարձրել բանուկ:

 

Գերատեսչությունից նաեւ հայտնում են, որ այդ օրը սպասարկող կազմակերպությունը բանուկ է դարձրել ճանապարհը եւ անգամ երկու օր անց` դեպքից մեկ ժամ առաջ, ճանապարհաշինության վարչությանը հայտնել են, որ ճանապարհը գործում է, եւ խնդիրներ չկան: «Երկիր»-ի հետ զրույցում ԱԻ նախարարության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանը հայտնեց. «Սեպտեմբերի 30-ին տեղեկատվություն ստացանք, որ այդ ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում, եւ սողանքի հատուկ բնորոշ երեւույթ չի նկատվել: Սակայն սողանքից հետո այս օրերին մենք այդ տեղանքը ուսումնասիրել ենք եւ վերեւի հարթակում նկատել ենք, որ բնակիչները անկանոն գյուղատնտեսություն են վարում: Բացի դրանից, սողանքին նպաստել են գրանցված թույլ երկրաշարժը եւ հորդառատ անձրեւները»:

 

Երկրաբանները զարմանում են պատկան մարմինների անտարբերությունից, թե ինչպես կարելի է նման ազդանշանին ուշադրություն չդարձնել, այն դեպքում, երբ օրեր առաջ այդ տարածաշրջանում գրանցվել է երկրակեղեւի տատանում: Այս իրողությունն առավել մտահոգիչ է այն առումով, որ, ըստ Յադոյանի, այսօր կան ավելի ակտիվ եւ ավելի վտանգավոր սողանքներ, որոնք ակտիվանալու դեպքում կարող են ավելի լուրջ վնասներ պատճառել, իսկ մեր ծառայություններն աշխատում են ոչ թե աղետի կանխարգելման, այլ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ միայն:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ