Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննությունը, նախաքննական պրոցեսը, հարուցված գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն, երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, դու շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանից։
Նա նշեց, որ իր համար դա շատ հստակ է, լրացուցիչ ոչինչ պետք չէ՝ համոզվելու համար, ընդամենը գործի նյութերին ծանոթանալ։
VPN համակարգից՝ իր օգտվելու նպատակի մասին հարցին, որով նրան կապում են Գագիկ Սողոմոնյան ֆեյքին, Կարեն Բեքարյանը պատասխանեց՝ բացատրելով այդ համակարգի էությունը։
«Տարիների ընթացքում Ադրբեջանը հայաստանյան IP-ների նկատմամբ կիրառել է սահմանափակման քաղաքականություն։ Այսինքն, եղել է ժամանակահատված, որ ցանկացած ադրբեջանական ինտերնետ ռեսուրս մտնելու պարագայում մեր IP-ները փակված են եղել, չենք կարողացել մուտք գործել, եղել են ժամանակահատվածներ, որ որոշակի ընտրանքով։ Չնկարագրեմ՝ ինչ երկիր է Ադրբեջանը, որովհետև քաղաքական կուրսի հետ չի բռնի էլի, որ նկարագրեմ։ Հետևաբար, եթե դու ուզում ես գործընթացները հասկանալ, պատկերացնել, իսկ ես, ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ տասնյակ տարիներով զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, դու չես կարող ուղղակիորեն այդ ինֆորմացիան չունենալ, դրան չտիրապետել և քո վերլուծությունների մեջ դա չներառել»,-բացատրեց Բեքարյանը։
Հետևաբար, երբ նա իմացել է, որ կա համակարգ, որը տալիս է հնարավորություն այդ արգելքը շրջանցելու, այսինքն, ադրբեջանական կողմը չի տեսնում, որ իր մոտ մուտք գործողը հայաստանյան IP է, բնականաբար, այդ համակարգից օգտվել է։ Այդտեղ Բեքարյանը որևէ արհեստական բան չի տեսնում։
«Ինչ վերաբերում է ինչ-ինչ համընկնումներին, ես կարծում եմ, որ նախաքննության ցանկացած մարմին, մինչև այդ հարցին ձեռնամուխ լինելը, պետք է մի հատ պատկերացում կազմի ծրագրային համակարգերի, VPN ծրագրային հավելվածի, նրա աշխատանքի մեթոդների սկզբունքների մասին, կարող է մասնագետներից ստանալ խորհրդատվություն, որ, օրինակ, իր համար պարզի, որ VPN համակարգի պարագայում IP-ն ոչ թե կայուն է, այլ լողացող։ Պարզագույն գիտելիքներ ունենալու դեպքում այս հարցերը չէին առաջանա»,-ասաց Կարեն Բեքարյանը։
Նա նշեց, որ այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա. այն, որ ինքը ճանաչում է Արա Սաղաթելյանին եւ այն, որ օգտագործել է VPN համակարգ։
Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը ընդգծեց, որ դատարանում շատ ծավալուն չի անդրադարձել քննիչի ներկայացրած հիմքերին, քանի որ վստահ էր, որ օբյեկտիվ դատարանը չի կարող Բեքարյանի առնչությունը հաստատված համարել։
«Իսկ առնչության հիմքում ընդամենը դրված է IP հասցեի համընկնում, ինչը կարող է լինել բոլոր անձանց հետ, ովքեր օգտվում են VPN համակարգից»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, քննիչը փորձել է ցույց տալ, որ գործում է հանցավոր խումբ, որի անդամների մի մասը կալանավորված են, մյուսները ոչ, և կալանավորվածների ցուցումներով կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանը հրապարակումներ է անում, սակայն դատարանն էլ փաստեց, որ Բեքարյանը որևէ առնչություն չունի դրա հետ։
Գոռ Միքայելյանը նշեց, քանի որ Գագիկ Սողոմոնյանը վերջին օրերին գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրենի մասին, իսկ ԱԱԾ-ում կարծում են, որ Կարեն Բեքարյանը կապ ունի այդ ֆեյք օգտատիրոջ հետ, ապա Արմեն Աբազյանն անձնապես շահագրգռված է լինելու, որպեսզի պատժի պարոն Բեքարյանին։
«Իհարկե, գտնում եմ, որ ԱԱԾ-ն չի կարող այս գործը քննել օբյեկտիվորեն, հավանաբար, ես կմիանամ իմ գործընկերների բացարկի միջնորդությանը»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ նույն գործով երեկ դատավորը որոշել է բավարարել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը, փաստաբանը պատախանեց՝ միգուցե դատավորների տարբերությունն է պատճառը, քանի որ, իրենց տրամադրված գործի նյութերից դատելով, որևէ ավելի բան հնարավոր չէ ունենալ պարոն Սաղաթելյանի հետ կապված։
Հիշենենք, որ Բեքարյանը ձերբակալվել էր փետրվարի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Նույն գործով բերման էր ենթարկվել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որին երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեցին։ Այս գործի շրջանակներում ևս երկու բերման ենթարկվածներ կային` քաղաքացիներ Մհեր Ավագյանը, որը երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, և Արամ Սարգսյանը, որին կալանավորելու որոշում կայացվեց։
Մանրամասն՝ տեսանյութում․