կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-25 14:52
Տնտեսական

Մենք լողացող փոխարժեքի քաղաքականություն ենք վարում. Ներսես Երիցյանի ուշագրավ հայտարարությունները

Մենք լողացող փոխարժեքի քաղաքականություն ենք վարում. Ներսես Երիցյանի ուշագրավ հայտարարությունները

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը արժեթղթերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես` Հայաստանում դրամի արժեզրկումը, պայմանավորում է տարածաշրջանում, միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումներով:

 

Yerkir.am-ի հարցին, թե որքա՞ն է տևելու փոխարժեքի ճշգրտման պրոցեսը, և ի՞նչ է սպասվում Ամանորի նախաշեմին արժեթղթերի շուկայում` նման ռազմավարության պարագայում, նա պատասխանեց. «Մենք կանխատեսումներ չենք անում, մենք լողացող փոխարժեքի քաղաքականություն ենք վարում: Փոխարժեքը շուկան է որոշում: Մենք գնահատականներ ենք հրապարակել դրա մասին»:

 

Որպես ստեղծված իրավիճակի պատճառներ` ԿԲ նախագահի տեղակալը մատնանշում է` տնտեսական աճի անկումը զարգացած ու զարգացող երկրներում, Ռուսաստանում տնտեսական ու քաղաքական իրավիճակը: Ի պատասխան հարցին, թե ի՞նչ ներքին պատճառներ կան, Ներսես Երիցյանը նշեց միայն մեկ պատճառ, այն է` դոլարի նկատմամբ պահանջարկի ավելացումը:

 

«Այս օրերին, գաղտնիք չէ, որ տարադրամի փոխանակման բազմաթիվ կետերում հրաժարվում էին դոլար վաճառել, ինչպե՞ս սա կբացատրի» հարցին Ներսես Երիցյանը պատասխանեց. «Մենք տեղյակ չենք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դոլար վաճառում են: Իսկ եթե նման դեպքեր կան, պետք է տեղեկացնել Կենտրոնական բանկին»:

 

Գնաճի հետ կապված` նա նշեց, որ գնաճի կանխատեսումները ԿԲ-ն հրապարակել է մեկ շաբաթ առաջ, և փոխարժեքի տատանումները որևէ կերպ չեն ազդում այդ կանխատեսումների վրա: «Ամեն ինչ հաշվի է առնված, գնաճը կառավարելի սահմաններում է գտնվում, տարեվերջում այն կլինի թիրախի շրջանակներում` 4 տոկոսից ցածր, եկող տարի` 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսի շրջանակներում: Մեր կանխատեսումներն ասում են, որ, գնաճի հետ կապված, մենք խնդիրներ չենք ունենալու»,- ասաց Երիցյանը:

 

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, նա ասաց, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ անցնում է լողացող փոխարժեքի և չի միջամտելու փոխարժեքին, իսկ կանխատեսել փոխարժեքը, ըստ Երիցյանի, անարդյունավետ աշխատանք է:

 

Yerkir.am-ի հարցը` ԿԲ-ն ցանկանո՞ւմ է, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի, ԿԲ նախագահի տեղակալին հանկարծակիի բերեց: «Դա մեր աշխատանքի բովանդակությունն է ու իմաստը»,- պատասխանեց նա: