կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-03 21:47
Քաղաքական

Հարցեր, որ մնացին անպատասխան

Հարցեր, որ մնացին անպատասխան

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաք-շոուի մասնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին ազատեցին իր ու մեր ապրած տարիների մասին հուշեր գրելու պարտավորությունից: Ըստ նախապես հայտարարվածի` ընդդիմադիր առաջնորդը պետք է պատասխաներ լրագրողների հարցերին. մի քանիսին, իրոք, անդրադարձավ` հիմնականում լղոզելով պատասխանը, տեսական ճիշտ դատողություններ անելով պետական կառավարման այն մոդելի մասին, որ կարող էր լինել, բայց իր օրոք այդպես էլ չստեղծվեց Հայաստանում, իսկ հիմնականում, ցանկացած թոշակառուի նման, ուղղակի ընկնելով իր համար երանելի հիշողությունների գիրկը, օրինակ` գրեթե չպատասխանեց հարցին, թե ինչու 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքներին եւ արմատավորված` «Մեր դեմ խաղ չկա»` սկզբունքին ժողովուրդը չհամաձայնեց: Չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյո՞ք ինքը ոչ միայն տեղյակ չի եղել, անգամ դեմ է եղել Շուշիի ազատագրմանը` ասելով, թե պետական գաղտնիք չի բացահայտելու:

 

Մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս ասաց, որ կա օրենք, կա Սահմանադրություն, որոնց հետեւելով կոռուպցիան եւ մենաշնորհները վերանում են: Տեսնես Սահմանադրության եւ օրենքների մասին նախկին նախագահը տեղյա՞կ էր 90-97 թվականներին: Բնականաբար, գովեց իր ղեկավարած տարիները, ավելին` այսօրվա Հայաստանի գոյության համար ասաց, թե պարտական ենք 90-անների սկզբի «բարեփոխումներին»: Խոսեց իր ժամանակվա «ժողովրդավարության» մասին, պառլամենտական հզոր և աշխատող ընդդիմության մասին` մոռանալով, որ հենց 95թ. կեղծված ընտրությունների արդյունքում պառլամենտից իր համառ ջանքերով վերացավ այդ ընդդիմությունը։

 

Տեր-Պետրոսյանը երկար-բարակ խոսեց իր նախասիրություններից, երկրպագած ֆուտբոլային թիմերից, Ելցինի հետ տված-առածից, կարդացած ու կարդացվելիք գրքերից: Դե պարապ մարդ է, ուրիշ ի՞նչ անի: Հա, նաեւ անիծեց այն օրը (շատերի պես), երբ մտավ քաղաքականություն:

 

Խնդրահարույց բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան: Անպատասխան մնացին նաև նախապես էլեկտրոնային փոստով նրան ուղարկված մեր հարցերը։ Ուստի մեր ընթերցողին ենք ներկայացնում այդ չհնչած հարցերը:

 

Պարո'ն Տեր-Պետրոսյան

 

1.    Դուք շուրջօրյա հանրահավաք անցկացնելու որոշում եք կայացրել եւ պահանջում եք արտահերթ ընտրություններ` միաժամանակ հայտարարելով երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին: Ո՞րն է Ձեր կոնկրետ պահանջը` արտահերթ ընտրությունների անցկացո՞ւմը, թե՞ երկխոսության վերսկսումը:

 

2.    Գարնանը հրավիրած ՀԱԿ հանրահավաքներից մեկի ժամանակ, հրաժարվելով նախկինում իշխանությանն առաջադրած 15 պահանջներից 12-ից, ընդամենը երեք պահանջ  ներկայացրիք, որոնք կատարվեցին: Ո՞րն է այժմ պատճառը, որ Ձեր պահանջներում կրկին  սոցիալական խնդիրների եք անդրադարձել, մասնավորապես` կրպակների ապամոնտաժման հարցին: Եվ ինչո՞ւ նախկին մնացած պահանջներից մի քանիսը չեք ներկայացնում հիմա, խոսքը, մասնավորապես, աշխատավարձերը բարձրացնելու եւ մարտի 1-ի զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու մասին է:

 

3.    Դուք երեք ելույթ տրամադրեցիք վիկիլիքսյան բացահայտումներին, որոնք բոլորը վերաբերում էին իշխանությունների` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը, սակայն ոչ մի անգամ չանդրադարձաք նույն վիկիլիքսյան  այն հրապարակումներին, որոնք վերաբերում էին Ձեզ եւ Ձեր կողմնակիցների գործունեությանը, դիրքորոշումներին: Ո՞րն է նման ընտրողականության պատճառը:

 

4.    Հայտարարեցիք, թե մաքսիմալիստ չեք եւ պատրաստ եք քննարկել իշխանության ցանկացած ողջամիտ առաջարկություն: Նախ` ի՞նչ նկատի ունեք` ողջամիտ ասելով, եւ երկրորդ` պատրա՞ստ եք, արդյոք, քննարկել իշխանություների այնպիսի առաջարկություն, որը կվերաբերի հերթական ընտրություններին:

 

Հուսով ենք այս հարցերի պատասխանը երբևէ կստանանք։