կարևոր
3967 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 10:16
Քաղաքական

2018-ի խոստումները մնացին անկատար, իսկ ոգեւորությունը, պարզվեց, անիմաստ էր․ «Հրապարակ»

2018-ի խոստումները մնացին անկատար, իսկ ոգեւորությունը, պարզվեց, անիմաստ էր․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բլինքեն-ֆոն դեր Լայեն-Փաշինյան բրյուսելյան հանդիպման ֆինանսական արդյունքը, իհարկե, սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ միլիարդավոր դոլարների սպասող որոշ շրջանակների համար, բայց, դրանով հանդերձ, Փաշինյանի իշխանությունն առնվազն քաղաքական աջակցությամբ վերադարձավ Երեւան։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն «բարձր» գնահատեցին «2018 թվականից ի վեր ժողովրդավարության եւ արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը», հանձնառություն հայտնեցին՝ աջակցել Հայաստանին, «հաշվի առնելով, որ ՀՀ-ն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը՝ ընդհանուր արժեքներին ու սկզբունքներին համահունչ»: 

Թե այս խոսքերի դիմաց Հայաստանի իշխանությունն ինչ աշխարհաքաղաքական «տնային աշխատանք» ունի կատարելու, այդ մասին շատ է խոսվել։ Դա նաեւ հերթական անգամ ակնհայտ դարձավ խորհրդարանում՝ Փաշինյանի երեկվա ելույթներից ու հակառուսականության հերթական չափաբաժնից։ Իսկ «ժողովրդավարության բաստիոնին» ուղղված բրյուսելյան գովասանքը հուշում է, որ Արեւմուտքը, որն իրեն հռչակել է աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպան եւ օրենսդիր, շարունակելու է չնկատել այդ արժեքների փաշինյանական խեղաթյուրումներն ու ոտնահարումը։ Օրինակ՝ այն, որ այսօր մեր երկրում կալանքը դարձել է քաղաքական հակառակորդներին պատժելու միջոց, որ իշխանությունն այլախոհության հանդեպ այն աստիճան անհանդուրժող է, որ քրեական հետապնդումներով է փորձում լռեցնել քննադատությունը, որ ամենաբարձր ամբիոններից թիվ մեկ պաշտոնյան կարող է ուղիղ հրահանգներ իջեցնել իրավապահներին կամ ուղղակի սպառնալ ընդդիմադիրներին։ Ցանկը երկար կարելի է շարունակել։

Արեւմտյան կրկնակի ստանդարտների ու Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ լսեցինք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքը։ Նա մեկն է այն շատերից, ովքեր 2018 թվականին ոգեւորված էին ակնկալվող փոփոխությունների գաղափարով, բայց հիմա հիասթափված են, որովհետեւ 2018-ի խոստումները, ինչպես իրավապաշտպանն ասաց, մնացին անկատար, իսկ ոգեւորությունն էլ, պարզվեց, անիմաստ էր։ 
«Ինքս եղել եմ ոգեւորվածներից մեկը եւ այսօր, ինչպես շատ-շատերը, հիասթափված եմ, որովհետեւ Հայաստանն այս տարիների ընթացքում ունեցավ հսկայական կորուստներ ե՛ւ արտաքին ճակատում, ե՛ւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, էլ չեմ խոսում՝ երկրում խոստացած դեմոկրատական բարեփոխումների դաշտում, որոնք կա՛մ տեղի չունեցան, կա՛մ տեղի չունեցան այն ձեւով, որ պետք է տեղի ունենային, կա՛մ մնացին կիսատ՝ զրույցների մակարդակում։ Այս ամենը մեզ համար է տեսանելի, մեզ համար է խնդիր, մեզ համար է պրոբլեմ, որը դեռ պետք է լուծենք, բայց չեմ կարծում, որ այդ ճանապարհին մենք պետք է խոչընդոտ հանդիսանանք, որ եվրոպացիները մեզ աջակցեն»,- «Հրապարակ»-ին ասում է Վարդան Հարությունյանը։ Ըստ նրա՝ եթե Արեւմուտքը մեզ համար ճանապարհ է հարթում դեպի Եվրոպա, դրանով կարելի է միայն ուրախանալ, բայց այն, ինչ տեսնում ենք մենք մեր երկրում, եւ այն, ինչ տեսնում են եվրոպացիները մեր երկրում, կարող են տարբեր լինել։ 

Իրավապաշտպանը դժվարանում է ասել, թե ինչու ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների ջատագով Արեւմուտքը չի տեսնում թվարկված խնդիրները, այն դեպքում, երբ նախկինում ամենափոքր թերացումն անգամ միանգամից նկատվում եւ ամենասուր արձագանքն էր ստանում։

«Ես չեմ կարող եվրոպացիների փոխարեն ասել, թե ինչու են նրանք նկատում այս մի հանգամանքը եւ չեն նկատում այն մյուսը, բայց կարող եմ կրկնել միտքս, որ եթե ապագայում եւ արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է շահած դուրս գա եվրոպական այդ ընթացքում, մենք միայն ուրախանալ կարող ենք, բայց ինքներս պարտավոր ենք նկատել եւ խոսել մեր երկրում եղած թերությունների մասին, քաղաքական հետապնդումների մասին, արդարադատության բացակայության մասին, սուտ խոստումների եւ տված խոստումները չկատարելու մասին։ Դա մեր գործն է, մեր աշխատանքը հասցեագրել եվրոպացիներին կամ ակնկալել, որ նրանք պետք է ուղղություն ցույց տան, գուցե շատերի համար ցանկալի է, բայց դա ճանապարհ չէ»,- զգուշավոր արտահայտվում է իրավապաշտպանը։ 

Որպես իրավապաշտպան՝ Վարդան Հարությունյանն արդարադատության վիճակը կամ, ավելի ճիշտ՝ դրա չգոյությունն է օրախնդիր համարում․ «Ես չգիտեմ՝ իրենք ինչ նպատակ ունեին, բայց որ արդյունքում մենք չունենք արդարադատություն, դա փաստ է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մենք շարունակում ենք ունենալ այն դատարանները, որոնք ունեցել ենք, ոչինչ չի փոխվել։ Նրանք ուղղակի անկարող դուրս եկան, չկարողացան իրականացնել որեւէ բնագավառում ծրագիր, հատկապես ինձ համար շատ կարեւոր՝ արդարադատության բնագավառում»։

Ըստ Հարությունյանի՝ իրական ժողովրդավարություն հաստատելու համար հաստատողները պետք է լինեն ժողովրդավար։ «Դա պետք է լինի ոչ թե կարգախոս, այլ՝ էություն, ապրելաձեւ։ Մեր այսօրվա իշխանավորների մոտ դա բացակայում է»,- եզրափակում է մեր զրուցակիցը»։