Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Պետդումայի պատգամավորների աշխատավարձերը՝ հասցնելով դրանք 253 հազար ռուբլու՝ մոտ 8 000 դոլարի:
Այդ գաղափարը դեռ մարտի կեսերին տվել էր իշխող Единая Россия կուսակցության պատգամավոր Ռաիսա Կարմազինան: Եվ ահա ամիսներ անց Պուտինը որոշում է ընդառաջ գնալ «անապահով» պատգամավորներին և բարձրացնել նրանց աշխատավարձերը:
Վաղուց հայտնի է, որ Հայաստանն ամեն ինչում փորձում է նմանակել ՌԴ-ին: Մեր էլիտան էլ, չցանկանալով հետ մնալ Պետդումայի պատգամավորներից, առաջ է քաշում իր աշխատավարձը բարձրացնելու առաջարկը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նույնիսկ պնդում է, որ դրանից է կախված Հայաստանի հեղինակությունը: «Հզոր է այն հասարակությունը, որն ունի հզոր (ֆինանսական առումով) իշխանություն»,- կարծում է Գալուստ Գրիգորիչը:
Այն, որ Սարգսյանը հետևում է իր ռուսաստանցի կոլեգայի «պատգամավորապաշտ» քայլին, գուցե ողջունելի է, սակայն նա երեւի մոռանում է, թե մինչ այդ որքան և քանի տոկոսով է նույն Պուտինը բարձրացրել թոշակառուների թոշակը, մանկավարժների աշխատավարձը, մոռանում է՝ ինչ արտոնություններ ունեն Ռուսաստանում ուսանողները, հաշմանդամները, թոշակառուները, պատերազմի վետերանները, մոռանում է անվճար բուժսպասարկման մասին, որ գործում է ՌԴ-ում: Այո, գործում է, մինչդեռ Հայաստանում ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով, անվճար բուժսպասարկում անցնելուց հետո դուրս գալով բժշկի աշխատասենյակից, ապշած չլինի նրա վերաբերմունից և նրան չտանջեն կասկածները՝ արդյո՞ք ճիշտ էր ախտորոշումը և նշանակված բուժումը: Այդ մտվախությունն է, որ բոլորիս ստիպում է, ի վերջո, վճարել:
Իսկ մշակույթը, այո, մշակույթը: Մշակույթի նախարությունը մաքսիմալ ճոխությամբ է նշում տարբեր տեսակի տոներ` մոռանալով, սակայն, որ դա չէ, որ նպաստում է մշակույթ-հասարակություն սերտ շփմանը: Արտոնություններ, զեղչեր. ահա՝ ինչ է հարկավոր մեր երիտասարդությանը թանգարաններ և ցուցասրահներ ավելի հաճախ այցելելու համար:
Այդ ամենը Ռուսաստանում կա, ուսանողներն այդ հարցում բազմաթիվ արտոնություններ ունեն: Այդ դեպքում՝ ինչո՞ւ մեր կառավարությունը չի ցանկանում նաև այդ հարցում հավասարվել Ռուսաստանին: Մենք ունենք Մատենադարան, օպերայի և բալետի թատրոն, որտեղ գրեթե ամեն օր բարձրորակ դասական երաժշտություն է հնչում, համերգներով է հանդես գալիս Ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչո՞ւ այդ ամենն անապահով շերտի համար անվճար չէ: Ինչո՞ւ մինչև 17 տարեկան երեխաների համար կենդանաբանական այգու մուտքն անվճար չէ:
Այդ հարցերի պատասխանն իշխանությունները չեն ցանկանում տալ: Սակայն մենք կարող ենք. բանն այն է, որ իր ժողովրդավարական ձգտումներում Հայաստանը պետք չունի հավասարվելու Ռուսաստանին: Ռուսատանն, իհարկե, դեմոկրատական երկրի լավագույն օրինակ չէ, սակայն Պուտինը դեռ չի ցանկանում լիովին կորցնել իր ժողովրդի վստահությունը և աջակցությունը. 146 միլիոնանոց ժողովրդի ընդվզումը բարդ է ճնշել, հազարավոր ընտրատարածքներում անցնող քվեարկության արդունքները ավելի բարդ է կեղծել: Իսկ Սարգսյանի բախտն այդ հարցում բերել է: Մենք քիչ ենք և գնալով դադարում ենք քաղաքացի լինելուց: Այնպես որ` մեր իշխանությունները մտահոգվելու ոչ մի պատճառ չունեն. ժողովրդավար քայլեր հարկավոր չեն, նախարություններում և մամուլի ծառայություններում քաղաքացիների և լրագրողների հարցերը կարող են անպատասխան մնալ, 5 000 դրամն ընտրությունների շեմին կբավականացնի բոլորին…
Անի ՍԱՀԱԿՅԱՆ