կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 18:03
Իրավական

Մեղադրվում են ավազակություն կատարելու մեջ

Մեղադրվում են ավազակություն կատարելու մեջ

Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է թվով 4 անձանց կողմից ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:


Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. ապրիլի 11-ից մինչեւ 2011թ. մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Գ. Պետրոսյանը, անչափահասներ Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն նախնական համաձայնությամբ` զինված մահակով, դանակներով եւ ատրճանակով,  ավազակային հարձակումներ են գործել Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների տարածքներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում գտնվող բենզալցակայանների եւ մեկ դեղատան աշխատակիցների նկատմամբ, հափշտակել են զգալի չափերի գումարներ:

 

Ընդհանուր առմամբ, բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 9 դրվագ:


Քրեական գործով, մասնավորապես, պարզվել է, որ Գ. Պետրոսյանը, Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն  կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ, այն է` ատրճանակի եւ դանակի գործադրման սպառնալիքով, ավազակային հարձակում են գործել «ՍՊՍ» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 4 բենզալցակայանների` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան 86,  Երեւան քաղաքի Ա. Բաբաջանյան 54, Լենինգրադյան 31/1, Թբիլիսյան 1 հասցեներում գործող բենզալցակայանների, ինչպես նաեւ` Սեբաստիա 37/2 հասցեում գործող «Գուշ», Հասրաթյան 9/2 հասցեում գտնվող «Կամօյլ», Շիրազի 51 հասցեում գտնվող «Տիգրան Գրիգորյան եւ ընկերներ» ՍՊ ընկերությաններին պատկանող  բենզալցակայանների եւ  Ռուբինյանց 41/1 հասցեում գտնվող «Գոշ գազ» ՍՊ ընկերության գազալցակայանի աշխատակիցների վրա: Նրանք, հափշտակելով  դրամ, տարբեր տեսակի ապրանքներ,  դիմել են փախուստի:


Բացի այդ` Ա. Մարտիրոսյանը Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն հետ 2011թ. մայիսի 28-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ապօրինի կերպով մուտք են գործել Երեւան քաղաքի Ֆուչիկ փողոցում գործող «Դանաֆարմ» ՍՊ ընկերության դեղատուն, ձայնագազային թմբուկավոր ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում են գործել դեղատան աշխատակցի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս` կարճատեւ քայքայումով, ապա, դրամարկղից գումար հափշտակելով, դիմել են փախուստի:


Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Մ.-ին, Ս. Գ.-ին եւ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, իսկ Ս. Ս-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: