| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սուտ մատնություն և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Գասպարյանը, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ոստիկանության բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ 4-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոմն «Չարխեցի Սամոն» իր ծանոթ Վ.Սարգսյանի միջոցով իրեն իրացրել է «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղահաբ, որը Գ.Գասպարյանն իրացրել է ներարկվելու միջոցով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ իրականում նման դեպք տեղի չի ունեցել, եւ հաղորդում ներկայացրած անձը կատարել է սուտ մատնություն:
Բացի այդ` Գ.Գասպարյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեղադրանքով դատապարտված լինելով, և ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2011 թվականի հոկտեմբերի 12-ին ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է մի կնոջ հետ եւ հաղորդագրությունների ու հեռախոսային խոսակցությունների միջոցով շփվել: 2014 թվականի մայիսի 27-ին Գ.Գասպարյանն ազատվել է պատժի կրումից և շարունակել շփումը նրա հետ, հանդիպել: 2014 թվականի հոկտեմբերի 28-ին նոտարական գրասենյակ գնալու և իրեն պատկանող բնակարանը նրա անվամբ ձևակերպելու պատրվակով Գ.Գասպարյանը վերջինիս առաջարկել է հանդիպել: Ավտոմեքենայի մեջ ընկերուհու հետ մենակ մնալով՝ Գ.Գասպարյանը նրանից գումար է պահանջել: Մերժում ստանալով՝ Գ.Գասպարյանը կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ հափշտակել է նրա 100.000 դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: