2011թ. բարձրացվելու են առողջապահության բնագավառի աշխատողների աշխատավարձերը. բժիշկների աշխատավարձը Ստեփանակերտում կբարձրանա 20, իսկ շրջաններում` 25 տոկոսով, միջին եւ կրտսեր բուժանձնակազմի աշխատողներինը` 20 տոկոսով: Այսօր ԼՂՀ կառավարության նիստում տեղեկացրել է ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:
Հանրակրթության ոլորտում ուսումնաօժանդակ եւ տնտեսական անձնակազմի աշխատողների աշխատավարձը կաճի 23.3 տոկոսի չափով: Մշակույթի ոլորտի բոլոր աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15 տոկոսով: 27.3 տոկոսով կբարձրանա նաեւ առաջին ատյանի, վերաքննիչ եւ գերագույն դատարանների դատավորների աշխատավարձերը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների, ՎՊ նախագահի, տեղակալի աշխատավարձը` 10, իսկ ՎՊ-ում աշխատող քաղծառայողներինը` 30 տոկոսով:
Կբարձրացվի նաեւ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի աշխատողների աշխատավարձերը` 20 տոկոսով:
Հիշեցնենք, որ նպաստների եւ թոշակների բարձրացում հաջորդ տարվա հունվարի 1-ից չի նախատեսվում, քանի որ դրանք բարձրացվել են ընթացիկ տարում: