կարևոր
3217 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-23 18:47
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կրկին աղճատում է 2022թ. աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները․ «Լույս»

Նիկոլ Փաշինյանը կրկին աղճատում է 2022թ. աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները․ «Լույս»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ադրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մտքին, որ «2022թ.-ի տվյալներով, գնաճի էֆֆեկտը հանած, 6.3%-ով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է», արձագանքում է.

2022թ.-ին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում՝ նվազող։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։

«Միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում 2022թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով՝ կազմելով 235,576 դրամ։ Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19%-ով՝ կազմելով 256,733 դրամ։Սակայն պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է բավական ցածր՝ 4.3% տեմպով և կազմել  186,940 դրամ։

Իրավիճակն առավել մտահոգիչ պատկեր է ստանում, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022թ.-ին գրանցված միջին գնաճի համատեքստում։ 2022թ.-ին աշխատավարձերի աճին զուգահեռ գրանցվել է բավական բարձր՝ 8.6% գնաճ։ Այդ պայմաններում ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձի աճը կազմել է 6.4%, մասնավոր հատվածում՝ 9.6%, իսկ պետական հատվածում իրական միջին աշխատավարձը նվազել է 4%-ով:

Ամփոփելով վերոգրյալը, Փաշինյանի նշած` «գնաճի էֆֆեկտը հանած», Հայաստանի ընդհանուր տնտեսությունում,  այո', իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին: Պետական հատվածում միջին իրական աշխատավարձը նվազել է 4%-ով:

Այսինքն՝ 2022թ.-ին, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի մոտ արձանագրվել է կենսամակարդակի էական նվազում, որոնց թվում են ուսուցիչները, պետական հաստատությունների բուժ. աշխատակիցները և այլ վարձու աշխատողները։

Հետևաբար, Փաշինյանի կողմից ս.թ. հունիսի 22-ի կառավարության նիստի ընթացքում արված այն հայտարարությունը, թե Հայաստանում աշխատավարձը գնաճից ավելի շատ է աճել, սին է, քանի որ չի վերաբերում պետական հատվածի աշխատողների աշխատավարձին և պարունակում է մանիպուլյատիվ տարրեր»,- ասվում է հաղորդագրությունում։