Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ամենեւին չի կարծում, որ հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ նշանակում է, որ Թուրքիան կոնկրետ քայլեր է անելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Թուրքիայի խորհրդարանական օրենսդրության առանձնահատկություններից է, որ նախորդ գումարման խորհրդարանում չքննարկված օրենքի նախագծերը դուրս են մնում, բայց հետո Թուրքիայի կառավարությունը կամ պատգամավորներից մեկը կարող է այն կրկին վերադարձնել: Հայ-թուրքական արձանագրություններն էլ, ինչպես մեխանիկորեն դուրս մնացին, այնպես էլ մեխանիկորեն մտան խորհրդարանի օրակարգ` կառավարության նախաձեռնությամբ:
«Սակայն ուզում եմ շեշտել, որ դա ամենեւին չի նշանակում, որ Թուրքիայում փոխվել է մտածողությունը Հայաստանի եւ հայության նկատմամբ, եւ նրանք պատրաստ են զերծ մնալ նախապայմաններից ու սկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ թուրքական իշխանությունները այս հարցը, կրկին մտցնելով օրակարգ, այն կպահեն իրենց քաղաքական զինանոցում եւ կօգտագործեն ըստ նպատակահարմարության. կպահեն առավելապես իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար, այսինքն` դրան ընթացք կտան միայն այն դեպքում, երբ լինի իրենց համար ձեռնտու իրավիճակ»,- նշեց թուրքագետը` միաժամանակ չբացառելով, որ Թուրքիայի կողմից գուցե իմիտացիոն բնույթի եւ դեմագոգիկ հայտարարություններ լինեն, թե իբր վերահաստատում է իր պատրաստակամությունը` շարունակելու հարաբերությունների կարգավորումը: Սակայն այդ հայտարարությունները, ըստ նրա, Թուրքիայի իրական մտադրությունների հետ որեւէ առնչություն չեն ունենա: