Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը սեպտեմբերյան նստաշրջանում, ինչպեսեւ ենթադրվում էր, ամենաբուռն կերպով քննարկել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցը:
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովում երկու ռադիկալ տեսակետներ են հնչել:
«Մեծամասնության գնահատականները կոշտ էին: Նրանք ասում էին, որ Տիմոշենկոն քաղաքական հալածյալ է, որ անգամ պիտի ԵԽԽՎ պատվիրակաություն կազմել եւ գնալ Յանուկովիչից պահանջել այս, այն, այն: Մյուս կողմից` Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Կոպեսկուն փաստաթղթեր բաժանեց` փորձելով հիմնավորել նախկին վարչապետի մեղավորությունը: Ես իմ ելույթում ասել եմ, որ երկու գնահատականներն էլ համարում եմ խիստ ծայրահեղ, որովհետեւ միայն Եվրոպայի խորհուրդը չի կարող նման գնահատական տալ ու նման վճիռ հրապարակել` քաղաքական հալածյա՞լ է նա, թե՞ բացարձակապես անմեղ»,- նշեց Ն. Զոհրաբյանը ` հավելելով, որ ԵԽԽՎ-ի իր գործընկեր պատգամավորներին եւս կոչ է արել, որպեսզի ընդամենը հետեւեն, որ դատական գործընթացը լինի բաց, թափանցիկ եւ հնարավորինս տեսանելի միջազգային հանրության համար:
«Ես կարծում եմ, որ առաջիկայում ԵԽԽՎ տարբեր պատգամավորներ, այդ թվում` նաեւ ես, կդիմենք Ուկրաինայի ղեկավարությանը, որպեսզի հնարավորինս ապահովեն դատական գործընթացի թափանցիկությունը` չնայած այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որեւէ խոչընդոտ կամ ինչ-որ բան թաքցնելու միտում: Ես հետեւում եմ դատական գործընթացին եւ կարող եմ ասել, որ գործընթացն ընթանում է բաց եւ թափանցիկ»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ներկայացված է թե' ԵԽԽՎ-ում, թե' «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, նաեւ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, օգոստոսի 19-ին պաշտոնական նամակով դիմել էին նրան` խնդրելով նրա աջակցությունը միջազգային տարբեր կառույցներում` ի պաշտպանություն Յուլյա Տիմոշենկոյի:
Ի դեպ, սեպտեբերի 26-ին կմեկնարկի նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում Տիմոշենկոյի թեւը ներկայացնող պատգամավորները պատրաստվում են մեծ աղմուկ բարձրացնել եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Տիմոշենկոյի դատավարության վրա։