կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 16:37
Աշխարհ

Տիմոշենկոյի դատը հետաձգվել է

Տիմոշենկոյի դատը հետաձգվել է

Այսօր Կիեւի Պեչերյան շրջանային դատարանը սկսել է քննել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործը: Նիստը լարված եւ նյարդային մթնոլորտում է անցել: Տիմոշենկոն դիմել է դատավորին`երեք օր տրամադրել՝ մեղադրական եզրակացության հետ ծանոթանալու համար։ Դատավորը բավարարել է նրա միջնորդությունը. գործի քննությունը հետաձգվել է հուլիսի 4-ին:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Տիմոշենկոն դատարան է եկել փոքր-ինչ ուշացումով, եւ դա բացատրել է խցանման մեջ լինելու հանգամանքով: Նիստը սկսվել է դատավոր Ռոդիոն Կիրիեւի եւ Տիմոշենկոյի ու նրա փաստաբանի վեճով: Տիմոշենկոն հրաժարվել է դատավորի հարցերին պատասխանել ոտքի կանգնած, ինչպեսեւ ասել իր ազգանունը, բնակության վայրը եւ կենսագրական այլ տվյալներ:

Դատավորը նրան զգուշացրել է, որ նման պահվածքն անհարգալից է դատարանի նկատմամբ, սակայն  Տիմոշենկոն անդրդվելի է մնացել եւ մեղադրել է դատավորին` իրեն քաղաքական հետապնդումների ենթարկելու համար:

Տիմոշենկոյին մեղադրում են Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի պայմանագրեր կնքելու ժամանակ, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, խախտումներ անելու եւ դրա արդյունքում պետությանը 200 միլիոն դոլարից ավելի վնաս հասցնելու մեջ:

Տիմոշենկոն դատարան է ժամանել վարդը ձեռքին։

Դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Տիմոշենկոյի աջակիցները: Հավաքվածների թիվը մոտ 200 է եղել: Նրանք ցուցապաստառներով են եղել, երաժշտություն է հնչել, ակտիվիստները բացականչել են. «Յուլյա, Յուլյա, Ուկրաինա»