Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բենիամինն իրենց տան բակի մի անկյունում արդեն 4 ամիս է` երկաթե ջարդոն է կուտակում: Ամառվա արձակուրդներին 9-ամյա տղայի հիմնական զբաղմունքը գյուղի ավերված տների քարերի տակից գունավոր մետաղ գտնելն է եղել: Նա ամեն առավոտ քլունգը ձեռքին շտապել է մետաղ գտնելու:
Բենիամինն այդպես էլ չհիշեց իր ամառվա արձակուրդից գեթ մեկ տպավորիչ օր, որ կարողանա գոնե ընկերներին պատմել, սակայն ոգեւորված պատմում էր, թե որտեղից է շատ երկաթ գտել եւ ինչպես է գտած «ավարը» ուսին` տուն եկել: Նա ծանր բետոնե քարերը կոտրելով էլ «վայելել» է իր արձակուրդը: Հիմա էլ նույն գործն է անում, բայց` դասերից հետո:
Երկաթ հավաքելը Բենիամինի հոբբին չէ: Նա ծանր մետաղի ջարդոնը հանձնում եւ որոշակի գումար է ստանում: Ասում է` 1 տոննա երկաթի համար մոտ 10.000 դրամ գումար են տալիս: Բենիամինն այս անգամ որոշել է երկաթի ջարդոնից ստացված ամբողջ գումարով անբուժելի հիվանդ եղբոր` 7-ամյա Դավիթի համար հագուստ գնել: Թեեւ Բենիամինն ինքը հագուստի կարիք ունի, բայց ասում է, որ եղբորը տաք հագուստ է պետք: Նա համոզված է, որ մինչեւ հակտեմբեր մեկ տոննա երկաթ կհավաքի, իսկ եթե մեկ տոննայից ավել լինի, ապա հավելյալ գումարով ձմռան վառելիք կգնի: Նրանց 2 տարեկան քույրը` Մարիամը, նույնպես «մասնագիտացել» է գունավոր մետաղների ոլորտում: Աղջնակը հերթով ցույց էր տալիս. թե որն է երկաթը, որը` թուջը:
Բալասանյանների 7 հոգանոց ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում: 72-ամյա Բենիամին պապն իր տղայի, հարսի եւ 4 անչափահաս թոռների հետ ապրում է վթարային տան մեջ: Շինությունը դրսից ամուր է երեւում, սակայն ներսից ճաքերի արանքից սողունները հանգիստ կարող են ներս ու դուրս անել: Բալասանյաններն Ադրբեջանից գաղթել են 1990-ականների սկզբին: Նրանք գաղթից առաջ իրենց տունը փոխանակել են Հայաստանում ապրող մի ադրբեջանցու տան հետ: 2 տարի ապրել են արդեն իրենց սեփական տանը, սակայն 1994թ. Արցախի ազատագրական պայքարի ժամանակ զոհվել է Բենիամին պապի 20-ամյա որդին` Էդվարդը: Հենց այդ ժամանակ նրանք վաճառել են իրենց տունը եւ այժմ ապրում են Կութի գյուղապետի հատկացրած տանը:
Բենիամին պապն արդեն սեփական տան մասին չի մտածում, քանի որ չգիտի` երբ այն կունենան: Իսկ տունը, որտեղ ապրում են, դժվար թե որպես սեփականություն տան իրենց: Ամեն դեպքում` դեռ նման խոսակցություն չկա: Պապն ասում է, որ սիրում է իր գյուղի հողն ու ջուրը եւ այլ տեղ չի կարող ապրել: «Իմ տղան այս հողի համար է արյուն թափել ու զոհվել, ես ուր թողնեմ իմ տղայի հողը: Ստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ոչինչ, թող սոված քնեմ, թող թոռներս առողջ լինեն, ես ջհանդամը»,- ասում է Բենիամին պապը: