կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-14 17:23
Արցախ

ԼՂՀ 20-ամյակին նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԼՂՀ 20-ամյակին նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

Սեպտեմբերի 11-ի ուշ երեկոյան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տեղեկանում ենք ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության եւ ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրությունից։

Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, առանձին հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Սեպտեմբերի 13-ի առաջին կեսին Արցախի պատվիրակությունը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Էլիոտ Էնգելի հետ: ԱՄՆ խորհրդարանականներին հետաքրքրել է Արցախի ներկա կացությունը` տնտեսական եւ սոցիալական ծրագրերի իրականացման կտրվածքով, եւ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Մասնավորապես` Ադամ Շիֆն անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման կապակցությամբ` անընդունելի համարելով նման պահվածքը, եւ խոստացել է ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը շփման գծում:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների գրասենյակներ, հանդիպել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և ԱՄՆ-Հայաստան հանրային կապերի կոմիտեի համակարգող Ռոսս Վարդյանի հետ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը Արցախի իշխանությունների անունից Կարո Արմենյանին, Ռոսս Վարդյանին, Բրայան Արդունուն եւ Արամ Համբարյանին հանձնել է ԼՂՀ պետական պարգեւներ, որոնց նրանք արժանացել են ԼՂՀ հռչակման հոբելյանի կապակցությամբ։

Նույն օրը երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի «Ոսկե սրահում» տեղի ունեցավ ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառում: Տոնական երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Էդ Ռոյսը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ու հայ-ամերիկյան կազմակերպությունները: Երեկոյին մասնակցել են տասնյակ կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են ԼՂՀ հռչակման օրինականությունը եւ անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումները: Կոնգրեսականները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակել նպաստել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը` շեշտը դնելով ժողովրդավարական եւ իրավական հիմունքներով զարգացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացվածության վրա:

ԼՂՀ պատվիրակության վաշինգտոնյան այցը շարունակվում է: