Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկարնո քաղաքի ցուցասրահներից մեկում տեղի է ունեցել հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների` Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկարնոյի բարեգործական կոմիտեի եւ մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով: Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական եւ հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ընթերցվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտահայտում է Հայաստանի` որպես անկախ ու կայուն պետության վերաբերմունքն իր երկրի պատմության եւ ժառանգության նկատմամբ` միաժամանակ ի ցույց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետության եւ հայ ժողովրդի ձգտումը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ցուցահանդեսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մշտապես զարգացել է ու նորանոր ստեղծագործություններ պարգեւել աշխարհին:
Լոկարնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը:
Շվեյցարիայի իտալախոս մասում կազմակերպվող Հայաստանի անկախության 20-ամյակին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում Լոկարնոյում նախատեսվում են նաեւ օգոստոսի 25-ին` Հայաստանին նվիրված ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շվեյցարական KASA եւ «Արեւամանուկ» հումանիտար կազմակերպությունների գործունեության ներկայացումը, հոկտեմբերի 8-ին` հայկական ավանդական խոհանոցի ներկայացում: